Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները բարձրաձայնում են միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտության մասին


Խորհրդարանական ընտրություններից մոտ կես տարի առաջ ընդդիմադիր ուժերը բարձրաձայնում են միասնական ճակատով իշխանությունների դեմ դուրս գալու անհրաժեշտության մասին:

Գյումրիի և Վանաձորի ընտրություններին չմասնակցած «Ժառանգություն»-ը հակված է առաջադրվել 2017-ին, բայց քվեարկությունն ավելի շատ օգտագործելու է որպես քաղաքական առիթ:

«Այդ օրը պետք է պատրաստ լինենք, որովհետև դա հիմնական մարտի օրն է լինելու, եթե իրենց այս սցենարով է ամեն ինչ տեղաշարժվելու, և նաև դրանից հետո պետք է պատրաստ լինենք նաև այդ՝ այսպես կոչված ընտրությունների, իսկ իրականում իրենց կողմից տեղի ունեցող հարձակման հաջորդ օրվան: Եվ սա իրենից ենթադրում է լայնածավալ կազմակերպչական աշխատանք», - «Ազատության» հետ զրույցում նշեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Ժառանգությունն» առայժմ բանակցություններ չի վարում ընդդիմադիր այլ ուժերի հետ: Զարուհի Փոստանջյանի կարծիքով, միավորման համար կարևոր նախապայման է՝ բացառել տարածքների զիջումը Ադրբեջանին․ - «Պետք է լինի հստակ փաստաթուղթ: «Ժառանգությունը» կգնա, բոլոր քաղաքական գործընթացներին կմասնակցի այն համախմբման ներքո, որը մեր ազգային և ժողովրդի իղձերն է սպասարկելու»:

Հայ ազգային կոնգրեսը մտադիր է առաջարկել հեղինակավոր քաղաքական ու հանրային գործիչներին՝ կուսակցության անունից առաջադրվել 13 ընտրատարածքներում, որտեղ, ըստ էության, մեծամասնական թեկնածուներ են լինելու: Բացի այդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Կոնգրեսը դեմ չէ նաև ընտրություններին դաշինքով մասնակցելուն:

«Ժողովրդավարություն հաստատող, Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու նպատակներին հավատարիմ դաշինք․ հիմնական մտադրությունը պետք է լինի հենց այդ ծանրակշիռ բևեռի ստեղծումը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ՝ փորձենք համատեղել ջանքերը», - նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ-ը ևս, սակայն, առայժմ բանակցություններ չի վարում: Լևոն Զուրաբյանի կարծիքով, եթե անգամ միասնական ցուցակ չլինի, միևնույն է՝ գոնե պետք է հասնել նրան, որ կեղծ ընդդիմադիրները ձայներ չփոշիացնեն․ - «Իշխանությունը շատ կուզեր ստեղծել կեղծ ընդդիմադիր համակարգ, որի հետ կկիսեր իր իշխանությունը և ինչ-որ իմաստով կլեգիտիմացներ այդ իշխանությունը: Օրինակ՝ պատահական չէր, որ իշխանության հետ պարբերաբար կոալիցիայի մեջ գտնվող ուժերը՝ 4 կուսակցություն, բոլորը ունեն սեփական հեռուստատեսություն, բոլորը ունեն ընտրակաշառք բաժանելու իրավունք, բոլորը միասին հաստատում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարկաբեկված կազմը»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նախաձեռնում է արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերի դաշինք՝ միասին ընտրապայքարի դուրս գալու համար: - «Ապրել ռուսի հետ, ապրել Սերժի հետ՝ «Եդինի Ռոսիայի» կարգուկանոններով, ու Հայաստանը եթե դրանով չապրի, ուրեմն կպայթի։ Հակառակ դեպքում, այ՝ ռուսները կսեղմեն, Թուրքիան մեզ կուտի․․․ լսել ենք էս խոսակցությունները, սա անիմաստ բան է: Ժամանակն է, որ մեր ժողովուրդը քաղաքակրթական ընտրություն անի՝ ինքը ինչպիսի՞ Հայաստան է ուզում»:

Ընդդիմադիր գործիչն առայժմ չի բացում փակագծերը, թե որ կուսակցությունների հետ է բանակցում, քանի դեռ անգամ նախնական համաձայնություն չկա միասնական ցուցակի շուրջ: Արամ Սարգսյանը, սակայն, արդեն իսկ բացառում է «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և Դաշնակցություն կուսակցությունների հետ համագործակցությունը՝ համարելով նրանց Մարտի 1-ի համար պատասխանատուներ:

Նախորդ ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» դաշինքով խորհրդարան անցած, սակայն մանդատից հրաժարված Արամ Սարգսյանը կարծում է՝ ընտրությունների հաջորդ օրվանից՝ ապրիլի 3-ից հանրահավաքային պայքարն անխուսափելի է լինելու․ - «Այդ սահմանադրության փոփոխությունը միայն դրա համար էր, որ հետընտրական պրոցեսներ չլինեն: Սխալվել է, դա իր համար մեկ սխալն է և 2017-ի խորհրդարանական ընտրությունները նաև նախագահական ենթատեքստ ունեն: Հետընտրական պրոցեսները շատ ավելի բուռն են լինելու, քան 2008-ին էին, 2003-ին ու 2013-ին»:

Ընտրություններին դաշինքով չի մասնակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը որոշում ունի սեփական ցուցակով դուրս գալ ընտրապայքարի: ՔՊ ղեկավար անդամ է Նիկոլ Փաշինյանը:

XS
SM
MD
LG