Մատչելիության հղումներ

Ամերիկացիների կեսից ավելին հավատում է դեմոկրատիայի համակարգին


Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը, արխիվ
Դոնալդ Թրամփը և Հիլարի Քլինթոնը, արխիվ

Ըստ The Washington Post պարբերականի, Միացյալ Նահանգներում մտահոգիչ միտում է նկատվում. հոկտեմբերի 6-ից 8-ը երեք հազար գրանցված ընտրողների շրջանում անցկացված հարցախույզի արդյունքների համաձայն, մարդկանց մոտ նկատվում է դեմոկրատական համակարգի և միմյանց նկատմամբ վստահության անկում:

Հարցվածների մոտ 40 տոկոսը նշել է, որ կորցրել է հավատն Ամերիկայի դեմոկրատիայի նկատմամբ, 6 տոկոսն ասել է, թե երբևէ չի հավատացել համակարգին, 52 տոկոսը, սակայն, հստակ հավատում ամերիկյան դեմոկրատիային:

10 ընտրողից 6-ը սատարում է Հիլարի Քլինթոնին, 4-ը՝ Դոնալդ Թրամփին:

Ըստ Նաթանիել Պերսիլիի և Ջոն Քոհենի հետազոտության, հարցվածների միայն 31 տոկոսն է հստակ ընդունելու ընտրությունների արդյունքը, հակված է ընդունել 39 տոկոսը, 28 տոկոսը կա՛մ հավանաբար, կա՛մ հաստատ չի ընդունի արդյունքը:

Խնդիրն է՛լ ավելի բարդ է: Պերսիլին և Քոհենը նշում են, որ ամերիկացիներից շատերը կորցրել են վստահությունը ոչ միայն դեմոկրատական ինստիտուտների, այլև միմյանց նկատմամբ:

31 տոկոսն ասել է, որ մարդկանց մեծամասնությանը վստահել չի կարելի, 67 տոկոսն ասել է, որ անհրաժեշտ է չափազանց զգույշ լինել ուրիշների հետ հարաբերություններում:

Առավել մտահոգիչն, ըստ հետազոտողների, այն է, որ թերահավատների թիվը բարձր է հատկապես երիտասարդների շրջանում: 18-ից 24 տարեկանների 79 տոկոսը համոզված է, որ պետք է զգուշանալ ուրիշներից, մինչդեռ 65 և ավելի տարեկանների միայն 52 տոկոսն է թերահավատ:

Պերսիլիի և Քոհենի կարծիքով, Եվրոպայում ոչ ազատական կուսակցությունների վարկանիշի աճը վկայում է, որ դեմոկրատական արժեքների նկատմամբ մարդկանց հետզհետե ավելի ընդգծվող թերահավատությունը գուցե համընդհանուր միտում է:

Հետազոտության հեղինակները միաժամանակ նշում են, թե չնայած դեմոկրատիայի նկատմամբ վստահության թուլացմանը, իրավիճակի վատթարացմանը, Միացյալ Նահանգները բացասական միտումների առումով դեռ չի մոտեցել եվրոպական այն երկրներին, որտեղ դեմոկրատիային փոխարինել են դիկտատորական ակնհայտ հակումներ դրսևորող ռեժիմները:

Հարցախույզի արդյունքները վկայում են, որ գրեթե բոլոր ամերիկացիները շարունակում են հավատալ իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքին և դեմ են երկրում միանձնյա լիդերի կառավարմանը: Բայց ամերիկացի ընտրողների 80 տոկոսը նշում է, որ երկիրն այսօր պառակտված է, և պառակտումը տեսանելի ապագայում չի վերանա:

Սթենֆորդի համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Պերսիլին և սոցիոլոգիական հետազոտությունների գծով ավագ փորձագետ Քոհենը նշում են, որ որքան էլ խոսեն, թե այսօր Ամերիկան մոտենում է արդի սերունդների կյանքում ամենաբախտորոշ ընտրություններին, քաղաքական լիդերները պարտավոր են գիտակցել, որ բուն ընտրությունները չեն վերացնի այս ընտրարշավի ընթացքում ի հայտ եկած պառակտումները:

Մոդայիկ է դարձել պնդումը, թե այս ընտրությունները հանրաքվե են, որին ներկայացվել է քաղաքականության ոճի կամ կառավարման հայեցակարգի հարցը:

Ռեֆերենդումների արդյունքը վկայում է, թե ընտրողների կողմից ինչ աստիճանի աջակցություն է ստանում այս կամ այն տեսլականը: Մինչդեռ երբ մարդկանց զգալի մասը չի ցանկանում լեգիտիմ համարել հանրաքվեին ներկայացված հարցը, պետք չէ զարմանալ, որ նրանք կմերժեն նաև այդ հարցի պատասխանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG