Մատչելիության հղումներ

logo-print

Վերաքննիչ քրեական դատարան այսօր մերժեց «Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանի դիմումը՝ վերացնելու կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ապօրինի որակելով երեք ամիս առաջ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը 15 օր գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին ճաղերի հետևում պահելու որոշումները՝ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ դատարանն այս անգամ ևս քաղաքական որոշում կայացրեց․ - «Արդեն իսկ մենք հայտարարել էինք այն ժամանակ, երբ որ դատարանը գտնվում էր խորհրդակցական սենյակում, Պավել Մանուկյանը ինքն էլ հայտարարեց դատարանում, որ որևէ այլ որոշում դատարանից չի սպասում, և իր համար էլ ակնհայտ էր, թե դատարանը ինչ որոշում պետք է կայացներ: Նա նաև նշեց՝ ես չեմ եկել դատարանում ինչ-որ բան խնդրեմ, ինձ համար ամեն ինչ պարզ է: Ես ուղղակի իմ խոսքն եմ ուզում ներկայացնել դատարանին»:

«Պավել Մանուկյանը դատարանում ներկայացրեց իր դիտարկումները կապված նաև այն հանգամանքի հետ, թե ինչու տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, ինչ նպատակ ուներ այդ գրավումը․․․ և որ դա ինքնանպատակ չէր, այնտեղ բարձրացված էին որոշակի քաղաքական հարցեր: Նա նաև դատարանում ցույց տվեց իր ստացած ծանր մարմնական վնասվածքները՝ նշելով որ իր ձախ և աջ ոտքի վրա երևում է նաև այդ զենքի տրամաչափը, ինչպիսի չթույլատրվող զենքով են իրեն վնասել», - հավելեց փաստաբանը:

Դատապարտյալների հիվանդանոցից շտապբուժօգնության ավտոմեքենայով վերաքննիչ դատարան բերված զինված խմբի անդամը, ինչպես փոխանցեց նրա պաշտպանը, դատարանում ելույթ է ունեցել՝ քննադատելով իրենց գործը քննող Հատուկ քննչական ծառայության այն որակումը, թե ինքը փոխհրաձգության հետևանքով է ՊՊԾ գնդի տարածքից դուրս եկել։

Մանուկյանն այս անգամ էլ է հիշեցրել, որ բարձրաստիճան ոստիկաններից մեկը, ում անունը նա չի հրապարակում, երեք ամիս առաջ խախտել էր զինված խմբի հետ ունեցած իր պայմանավորվածությունը, ինչի հետևանքով ոստիկանները կրակ էին բացել Մանուկյանի և նրա որդու՝ Արամ Մանուկյանի ուղղությամբ։

Փաստաբանը մանրամասնեց․ - «Նա նշեց, որ տեղի են ունեցել բանակցություններ շատ բարձր մակարդակով: Չնշեց անունը, բայց նշեց, որ տեղի էր ունեցել բանակցություն, ձեռք էր բերվել պայմանավորվածություն: Նա բազմիցս նշեց, որ բոլոր տեղերում, բոլորի հետ պայմանավորվածությունների ժամանակ նշել է, որ՝ ես այստեղ կզոհվեմ, բայց մեր կողմից անիմաստ և անհիմն որևէ կրակ չի արձակվի մեր դիմաց կանգնած այս անմեղ զինվորների և ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Նա ասեց, որ այդ պայմանավորվածությունից հետո, սակայն, դաժանորեն կիրառվեց այդ անթույլատրելի զենքը, որը իրեն շատ ծանր տառապանքներ է պատճառում ֆիզիկական»:

Մանուկյանի պաշտպաններից Հարություն Բաղդասարյանն իր հերթին նշեց, որ Պավել Մանուկյանի առողջական վիճակն անհանգստացնում է իրենց։

Ոտքից հրազենային վիրավորում ստացած Մանուկյանը երեք վիրահատություն է տարել, այժմ պահվում է դատապարտյալների հիվանդանոցում, որտեղ, ըստ պաշտպանների, համապատասխան պայմաններ չկան։ Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկները, որ նախկինում ավելի հախաճ էին նրան այցելում, նվազեցրել են տեսակցությունները։

«Մեր ենթադրությունն այն է, որ ինքնին բուժումը ամբողջական չի, որովհետև, դատելով վերքերի մեծությունից և խորությունից, ենթադրում ենք, որ Պավլիկի մոտ կան էսօրվա դրությամբ լուրջ խնդիրներ: Իհարկե, բժիշկներն ասում են, որ դրա մեջ առանձնապես բան չկա, դա ապաքինման պրոցես ա, բայց էն, ինչ որ ցույց ա տվել Պավել Մանուկյանը, կարողանում ենք ենթադրել, որ իր մեջ կան»:

Պավել Մանուկյանի պաշտպանները հավանաբար կբողոքրակեն այս որոշումը:

Պավել Մանուկյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք ռազմամթերք պահելու, կրելու, փոխադրելու, շենք, շինություններ զավթելու և զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։ Ոստիկանության գնդի գրավման ընթացքում, հիշեցնենք, երեք ոստիկան էր զոհվել։

XS
SM
MD
LG