Մատչելիության հղումներ

Թուրքիայում հերթական հակահայկական հայտարարություններն են հնչում․ անցած ուրբաթ օրը Տրապիզոնում ելույթ ունենալով համակիրների հետ հանդիպմանը, էրդողանը խոսել է հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ձախողված հեղաշրջման փորձի մասին:

«Հիշեք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք, չէ՞: Պիտի: Բայց տղամարդու պես մեռնել կա… մադամի պես մեռնել էլ կա», - էրդողանի խոսքերն են մեջբերում թուրքական լրատվամիջոցները՝ հավելելով, որ այդ հայտարարությանը հավաքվածներն արձագանքել են «Հայի վիժվածքները մեզ չեն կարող վհատեցնել» վանկարկումներով:

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Էրդողանի դեմ: Այս մասին ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրել է թվիթերյան իր էջում՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ նախագահ էրդողանը օգտագործել է «մադամ» բառը, ինչը վերաբերում է ոչ թե մահմեդական, այլ հենց եվրոպացի կամ քրիստոնյա կանանց: Բացի այդ հայազգի պատգամավորին զայրացրել է փաստը, որ հայերի արժանապատվությունը վիրավորվող հերթական հայտարարություններն ուղեկցվել են էրդողանի ինքնագոհ ժպիտով:

Փայլանը Թուրքիայում հակահայկական դրսևորումների հարցով առաջին անգամը չէ դիմում դատարան. անցած հունիսին հայազգի քաղաքական գործիչը բողոքի հայց էր ներկայացրել միանգամից 200 հոգու դեմ, ովքեր ըստ պատգամավորի Գերմանիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայում բողոքի ցույց էին անցկացրել, որի ընթացքում վանկարկել էին «Ամենալավ հայը մեռած հայն է»:

Այն, որ Թուրքիայում ատելություն պարունակող արտահայտությունների համար դատարանը հազվադեպ է պատիժ կիրառում, փաստել էր նաև Եվրոպայի խորհուրդը՝ նշելով, որ համապատասխան օրենսդրությունը հիմնականում կիրառվում է խոցելի խմբերին լռեցնելու համար:

Եվրոպայի խորհրդի՝ Թուրքիայի վերաբերյալ վերջերս հրապարակված զեկույցում իրավապաշտպանները մտահոգություն են հայտնել նաև հայերի նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Զեկույցի հեղինակները մեջբերել են էրդողանի հայտնի հայտարարությունը՝ «Կներեք արտահայտությանս՝ ինձ նույնիսկ հայ են ասել», գնահատելով այն որպես ատելություն պարունակող արտահայտություն:

XS
SM
MD
LG