Մատչելիության հղումներ

Թրամփը և Քլինթոնը պատրաստվում են երրորդ բանավեճին


Դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնը և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը երկրորդ հեռուստատեսային բանավեճից հետո, Սենտ Լուիս, 9 հոկտեմբերի, 2016թ.
Դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնը և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը երկրորդ հեռուստատեսային բանավեճից հետո, Սենտ Լուիս, 9 հոկտեմբերի, 2016թ.

Fight Night Լաս Վեգասում

21 օր անց Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները նախագահ են ընտրելու, ավելի ստույգ՝ կընտրեն ընտրիչներին, ովքեր և կորոշեն, թե ով է 4 տարով ստանձնելու մոլորակի թիվ մեկ գերտերության ղեկավարի պաշտոնը:

Հիմա հրատապը թեկնածուների երրորդ և վերջին հեռուստաբանավեճն է, որը տեղի կունենա գալիք չորեքշաբթի Լաս Վեգասում: Եվ քանի որ հենց այդ քաղաքում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկերը հաճախ են մահուկենաց կռիվ մղում չեմպիոնի գոտու համար, մամուլը Նևադայի համալսարանում կայանալիք վճռական բանավեճն արդեն անվանել է "Fight Night" («Կռվի երեկո»):

Երրորդ բանավեճից հետո չեն լինի դեմ առ դեմ հանդիպումներ, թեկնածուները կմեկնեն տարբեր նահանգներ, որտեղ կփորձեն հանդիպել հնարավորինս մեծ թվով մարդկանց և վաստակել նրանց աջակցությունը:

Լաս Վեգասի բանավեճը վարեու է Fox News հեռուստակայանի մեկնաբան Քրիս Ուոլեսը: Ձևաչափը նույնն է՝ ընդհանուր տևողությունը կլինի 90 րոպե, հանդիպումը բաժանված է վեց 15-րոպեանոց թեմատիկ հատվածների, ամեն թեմայից առաջ հաղորդավարը հարց է ուղղելու թեկնածուներին, պատասխանի համար տրվում է 2 րոպե, ապա հաղորդավարը կտա ճշտող հարցեր:

Թեկնածուները չեն խորշում միմյանց խահթելուց

Թրամփ - Քլինթոն առճակատումը համարվում է ամերիկյան պատմության ամենալարված ընտրարշավներից մեկը: Մեծ թվով շարքային քաղաքացիները, փորձագետները ու լրագրողները գուցե կավելացնեն, որ սա նաև ամենագռեհիկ արշավներից է:

Թեկնածուները չեն խորշում միմյանց խայթելուց: Առավելապես ագրեսիվ է Թրամփը, ով ոչ միայն վիրավորական խոսքեր է ասել կանանց, հարավամերիկացիների, միգրանտների, մահմեդականների, այլ խավերի, ինչպես նաև եվրոպական երկրների և կառույցների հասցեին, այլև հեգնանքով ու տգեղ ակնարկներով խոսել է հենց իր մրցակցի և նրա ընտանիքի մասին:

8 տարի առաջ ընտրվել է առաջին սևամորթ նախագահը: Հիմա առաջին անգամ նախագահ ընտրվելու իրատեսական հնարավորություն ունի կին թեկնածուն․ դա շատ կարևոր նորություն է և՛ գերտերության, և՛, եթե հաշվի առնել Ամերիկայի կշիռը՝ նաև մնացած աշխարհի համար:

Ժիրինովսկին վախեցնում է պատերազմով, իսկ Բայդենը՝ հաքերային հակահարվածով

Ամբողջ մոլորակն է համակ ուշադրությամբ հետևում ամերիկյան ընտրություններին: Կրեմլն ի պաշտոնե չեզոքություն է դրսևորում, բայց վերնախավին մոտ կանգնած քաղաքական այրերը և իշխանամետ լրատվամիջոցները գրեթե անթաքույց սատարում են Թրամփին, ով ասել է, թե ընտրվելու դեպքում կբարելավի հարաբերությունները Մոսկվայի հետ:

Ռուսաստանի լիբերալ դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով հաճախ հնչեցնում է Դաշնության ղեկավարության տեսակետը, նույնիսկ հայտարարել է, թե Հիլարի Քլինթոնի ընտրությունը կնշանակի միջուկային պատերազմ ընտրություն:

Ամերիկացիները ռուսներին մեղադրում են իրենց ընտրությունների գործընթացը խափանելու համար հաքերային գրոհներ իրականացնելու մեջ: Նույնիսկ փոխնախագահ Ջո Բայդենն է ստիպված հայտարարել, թե այլևս բավական է․ Ամերիկան ունի հաքերային շոշափելի հակահարված տալու հնարավորություն և դա կարվի պատշաճ պահին:

Ռուսների հաքերային ակտիվության մասին տեղեկությունները հաստատել են ամերիկյան գաղտնի ծառայությունները:

Բայց Մոսկվան հերքում է մեղադրանքը: Նախագահ Վլադիմիր Պուտինը Գոաում, որտեղ գումարվել է BRICS-ի ՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի գագաթնաժողովը, հավաստիացրել է, որ ռուսները չեն միջամտում ամերիկյան ընտրություններին:

Իսկ արձագանքելով փոխնախագահ Բայդենի հնչեցրած սպառնալիքին՝ Պուտինն ասել է, թե այստեղ նոր բան չկա, ամերիկացիները միշտ էլ գաղտնալսել են ուրիշներին:

Քլինթոնը հիմա առավելություն ունի

Փորձագետները նշում են, որ Քլինթոնի վարկանիշը մրցակցի համեմատությամբ այս պահին փոքր-ինչ ավելի բարձր է: Ընդ որում, ըստ ավանդությի, դեմոկրատ թեկնածուների հանդեպ ընտրողների աջակցությունը քվեարկությունից օրեր առաջ սկսում է աճել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG