Մատչելիության հղումներ

logo-print

Սարի թաղում հուլիսի 19-ին տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 9 քաղաքացիների հարազատներն այսօր հավաքվել էին Նախագահական նստավայրի առջև և հանդիպում էին պահանջում Սերժ Սարգսյանի հետ: Ցուցարարները պնդում են, որ իրենց հարազատները հուլիսի 19-ին փողոց էին դուրս եկել սոցիալական պահանջներով, ասում էին՝ Սարի թաղում անջատված էր ջրամատակարարումը, գազամատակարարումը, հասարակական տրանսպորտը չէր աշխատում՝ կաթվածահար էր: Հիշեցնենք՝ այդ օրը ավելի քան երկու տասնյակ սարիթաղցիներ բախման մեջ մտան ոստիկանների հետ, ինչից հետո նրանց մի մասին բերման ենթարկեցին և մինչ օրս 9 հոգի ազատազրկված է: Անցած շաբաթ հարազատներին ազատ արձակելու պահանջով նամակ էին հղել նախագահին, այսօր սպասում էին պատասխանին:

«Ազատության» հետ զրույցում հարազատները հայտարարեցին, որ ամեն օր գալու են Նախագահական, մինչև անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը իրենց հետ հանդիպի:

Ցուցարարներին մոտեցավ Նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցն ու հայտարարեց՝ նամակն ուղարկվել է Գլխավոր դատախազություն, պատասխանը դատախազությունից ակնկալեք:

Ցույցի մասնակիցները շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն, այստեղ էլ հանդիպում էին պահանջում գլխավոր դատախազի հետ: Շուրջ մեկ ժամ էլ Գլխավոր դատախազության մոտ սպասելուց հետո, նրանցից միայն երկուսը կարողացան ներս մտնել ու հանդիպել նամակների ընդունման բաժնի ներկայացուցչի հետ: Դուրս եկան դժգոհ՝ կալանավորվածներից մեկի կինը՝ Լալա Բերենցյանն ասաց, որ իրենց ընդունած ներկայացուցիչն ընդգծել է՝ ձեր ասելիքն անցած շաբաթ արդեն փոխանցել եք գլխավոր դատախազի տեղակալին, նոր ասելիքը ո՞րն է:

Հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներից հետո 9 մարդ է ձերբակալվել, նրանցից միայն 4-ի գործն է այս պահին դատարանում: Մեղադրող դատախազի բացակայությունների պատաճառով, սակայն, դատական նիստերը շարունակ ձգձգվել են։ Գլխավոր դատախազությունից ցուցարարներին այսօր փոխանցել են՝ հաջորդ նիստին դատախազը ներկա կլինի:

XS
SM
MD
LG