Մատչելիության հղումներ

Իգնատի Առաքելյանն ու Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն քննարկել են համագործակցության հարցեր


Լուսանկարը՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

«Մեզ համար շատ կարևոր է Ֆրանսիայի հետ համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում, ֆրանսիական ներդրումներով տարբեր ծրագրերի իրականացումը և փորձի կիրառումը մեր երկրի ագրարային բնագավառում: Ֆրանսիան մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, իրականացվում են համատեղ ծրագրեր, կազմակերպվում խորհրդատվություններ: Հուսով ենք, որ այս ոլորտում ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունները ոչ միայն կշարունակեն աստիճանաբար զարգանալ, այլև կունենան իրենց գործնական դրսևորումը տարբեր ճյուղերում», - գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ, ասել է Իգնատի Առաքելյանը:

Ընդգծելով, որ հայ-ֆրանսիական համատեղ ծրագրերը բարեհաջող են ընթանում` նախարարը միաժամանակ հնարավոր է համարել ընդլայնել համագործակցության շրջանակները և առաջիկայում համատեղ քայլեր ձեռնարկել, մասնավորապես, ինտենսիվ այգիների հիմնման, ջերմոցային տնտեսությունների ստեղծման, կոոպերացիայի զարգացման և այլ ուղղություններով:

Այս համատեքստում նախարարը շեշտել է, որ այսօր անհրաժեշտ է զարգացնել ագրարային բնագավառի հատկապես այն ուղղությունները, որոնք թույլ կտան ավելացնել գյուղացիների և փոքր ու միջին ֆերմերների եկամուտները:

Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն իր հերթին վերահաստատել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը խորացնել ագրարային ոլորտում երկու երկրների միջև ձևավորված ակտիվ փոխգործակցությունը:

Դեսպանն առանձնակի կարևորել է նաև Ֆրանսիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի հաջող ընթացքը և ընդգծել դրանք շարունակելու մտադրությունը:

Տեղեկացնելով, որ դեկտեմբեր ամսին նախատեսվում է անցկացնել ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի հերթական նիստը, որի քննարկման թեմաների մեջ ներառված են նաև գյուղատնտեսությանն առնչվող հարցեր, դեսպանը հրավիրել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարին մասնակցել այդ միջոցառմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG