Մատչելիության հղումներ

logo-print

Շավարշ Քոչարյան. Թուրքիան պետք է հեռու պահվի ԼՂ բանակցային գործընթացից


Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից, այսօր News.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը Սերգեյ Լավրովի՝ հոկտեմբերի 14-ին Երևանում արած հայտարարությանը:

Հիշեցնենք, Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել էր, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։ Բաքուն դրական էր գնահատել Լավրովի այս հայտարարությունը։ Թուրքիայի արտգործնախարարությունից «Թրենդ» գործակալությանն ասել էին. - «Առաջին հերթին Թուրքիան կայունություն և խաղաղություն է ցանկանում Հարավային Կովկասում [...] Թուրքիան խնդրի լուծման հարցում պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը ու հանդես գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության օգտին»։

Քոչարյանը մասնավորապես նշել է, որ հոկտեմբերի 14-ին Երևանում ընդունված ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունն աջակցություն է հայտնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրադրության սրում թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը: Բացառապես խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի երեք հանրահայտ սկզբունքների՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա:

«Ռուսաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում արտահայտված է այդ հայտարարությամբ, այլ ոչ թե ադրբեջանական լրատվամիջոցներով հրամցվող Թուրքիայի արտգործնախարարության կողմից Սերգեյ Լավրովի խոսքերի այլասերմամբ. որակավորում, որին նախկինում ԼՂ բանակցային գործընթացը խեղաթյուրելու համար արժանացել էր ադրբեջանական կողմը: Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի, և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից: Միակ դրական ազդեցությունը, որ Անկարան կարող է ունենալ ԼՂ կարգավորման հարցում, այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը և վերջ դնի Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քայլերի խրախուսումը», - ասել է Քոչարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG