Մատչելիության հղումներ

Փորձագետ. Հայաստանին մնում է ՀԱՊԿ-ից ցածր գներով զենք վերցնել ու քաղաքական աջակցություն պահանջել


Անդամակցելով ՀԱՊԿ-ին (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն), Հայաստանին մնում է միայն ՀԱՊԿ-ից ավելի ցածր գներով զենք վերցնել ու քաղաքական աջակցություն պահանջել, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Գլոբալիզիացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը ի պատասխան հարցին, թե ի՞նչ է տալիս ՀԱՊԿ-ը Հայաստանին։

«Հայաստանը ոչ մի այլընտրանք չուներ։ Շատ տրամաբանական էր հենց նախկին Սովետական Միության պետությունների հետ անվտանգության համակարգ ստեղծել։ Այդքան սրված չէին հարաբերություններն այլ երկրների միջև։ Այն ժամանակ 9 երկրներ մտան ՀԱՊԿ-ի կազմի մեջ, այդ թվում՝ Ադրբեջանը և Վրաստանը։ Դա նշանակում էր, որ այն ժամանակ դեռ տրամաբանություն կար, ուրիշ բան է այսօր, երբ որ ՀԱՊԿ-ում մնացին 6 երկրներ, մեր տարածաշրջանից միայն Հայաստանն է, այն էլ կան երկրներ, ում շահերը մեր շահերի հետ շատուշատ հարցերում չեն համընկնում», - ասաց փորձագետը՝ շարունակելով. - «Ես չեմ հավատում, որ Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը, եթե պատերազմ ստեղ լինի, այստեղ զորքեր ուղարկեն։ Նույն Բելառուսը, գիտեք, պրեզիդենտ Լուկաշենկոյի շուրթերով միշտ ասում է, որ «մենք չենք մտնի՝ աջակցելու պատերազմական պայմաններում Հարավային Կովկաս»։ Ինչ եմ ուզում ասել, այդ կազմակերպությունը կա, բայց մենք պետք է հասկանանք, որ ոչ մեկից պետք չէ սպասել, որ լայնամասշտաբ օգնություն մեզ տան։ Ստեղ մենակ մեզ մնում է ՀԱՊԿ-ից վերցնել, Ձեզ հետ համաձայն եմ, զենք ավելի ցածր գներով, ՀԱՊԿ-ի անդամներն այդ առավելությունն ունեն, և երկրորդը՝ քաղաքական աջակցություն։ Շատ կարևոր է ՀԱՊԿ-ից պահանջել, որ ճգնաժամերի ժամանակ, նույն Ղարաբաղի հարցում, այլ հարցերում, որ Հայաստանին հուզում են, ՀԱՊԿ-ը գոնե ինչ-որ հայտարարություն անի։ Իսկ քաղաքական աջակցությունը մենք կարող ենք այդ ուղղությամբ պահանջել, որ ՀԱՊԿ-ը տա, բայց այլ կոնտեքստում ես չեմ տեսնում օգտակարություն ՀԱՊԿ-ից մեզ համար»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծիքով, Հայաստանն այն, ինչ ստանում է կամ կարող է ստանալ ՀԱՊԿ-ից այդ նույնը և գուցե ավելին, կարող է ստանալ հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական և ռազմական գործակցությունից։

«Եթե դաշինքն իր բնույթով իսկապես լինի ռազմաքաղաքական դաշինք, իհարկե, շատ կարևոր է նաև քաղաքական հայտարարությունները և ոչ միայն ռազմական աջակցությունը։ Պարզապես, դաշինքն ինքնին իր բնույթով այդպիսին չէ, որովհետև տարբեր անդամների միջև, ինչքան կան ընդհանրություններ, ավելի կան հակասություններ, և շատ լուրջ հարցեր կան՝ շահերի բախում, և, այդ իմաստով, ՀԱՊԿ-ը իհարկե նաև բավականին թույլ է քաղաքական կշռի առումով։ Այդուհանդերձ նույնիսկ այդ պարագայում, եթե խոսքը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարթությանը, այստեղ ՀԱՊԿ-ի քաղաքական հայտարարություններն անգամ բավական ծանրակշիռ կարող են լինել, որոնք, սակայն, բացակայում են։ Ինչ վերաբերվում է Հայաստանի ստանալիքին, կարծում եմ, որ Հայաստանն այն, ինչ ստանում է կամ կարող է ստանալ ՀԱՊԿ-ից, այդ նույնը և գուցե ավելին կարող է ստանալ հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական և ռազմական գործակցությունից, և եթե այդ գործակցությունը չի աշխատում, կարծում եմ, ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ ակնկալիք ունենալն ընդհանրապես ավելորդ կլինի», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Բադալյանը ՀԱՊԿ-ն առավելապես դիտում է որպես երկկողմ հարաբերությունների ինչ-որ դաշտ, որտեղ կենտրոնը Ռուսաստանն է, և տարբեր անդամներ Ռուսաստանի հետ իրենց հարցերն են հիմնականում պարզում։

«Մնացյալ անդամները միմյանց հետ, ըստ էության, գրեթե կապ չունեն, և դա ընդամենը Ռուսաստանի հետ խորհրդային ազդեցության ցանցային միջոցներից մեկն է։ Նաև այդ առումով է կարևոր Ռուսաստանի համար Հայաստանի անդամակցությունը, որովհետև, եթե Հայաստանը չլինի ՀԱՊԿ-ում փաստացի Կովկասն ամբողջությամբ դուրս է մնում էդ ցանցից», - ասաց Բադալյանը։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հոկտեմբերի 16-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG