Մատչելիության հղումներ

Օրհան Փամուկ. Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո կատարվածը հակաժողովրդավարական էր


Օրհան Փամուկ, արխիվ
Օրհան Փամուկ, արխիվ

«Այն, ինչ կատարվում էր Թուրքիայում հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո հակաժողովրդավարական էր», - BBC-ի պարսկական ծառայությանը տված հարցազրույցում անցած շաբաթավերջին ասել է 2006 թվականին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացած թուրք արձակագիր Օրհան Փամուկը:

«Այն զարգացումները, որ հաջորդեցին հուլիսին տապալված ռազմական հեղաշրջմանը, չէին համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին: Թուրքիայի լավագույն գրողներից մի քանիսը, նրանցից ոմանք նաև իմ ընկերներն են, ում ստեղծագործությունները ես տարիներ շարունակ կարդում եմ, այսօր բանտում են: Դա անընդունելի է, դա ժողովրդավարություն չէ», - հայտարարում էր թուրք գրողը` միաժամանակ նկատելով, որ ամռանը զինվորականների կողմից իրականացված հեղաշրջման փորձը հնարավոր դարձավ նաև Արևմուտքի որոշ շրջանակների որդեգրած երկիմաստ դիրքորոշման պատճառով:

«Ինձ մտահոգում է այն իրողությունը, որ արևմտյան որոշ քաղաքական առաջնորդներ, ովքեր Արևմուտքից դուրս ժողովրդավարության հաստատման ջատագովներն են, իրենց իսկ գործողությունները սկսում են թերահավատորեն գնահատել, երբ ընտրություններում հաղթում են ոչ արևմտամետ ուժերը: Դա տեղի ունեցավ 2013 թվականին Եգիպտոսում, երբ ընտրված կառավարությունը տապալվեց ռազմական հեղաշրջման ճանապարհով: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման անգամ դրա մեկնարկից մի քանի օր առաջ արդեն չէր բացառում, որ Եգիպտոսում հեղաշրջում է լինելու: Ռազմական հեղաշրջումների նկատմամբ [Արևմուտքի] նման հանդուրժողականությունն էր, որ ճանապարհ հարթեց նաև Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձին», - նշում էր Օրհան Փամուկը:

Նրա համոզմամբ, արևմտյան պետություններն ու արևմտամետները, ի վերջո, պետք է հասկանան, որ ժողովրդավարությունը նախևառաջ հարգանքն է մարդկանց ազատ կամարտահայտության հանդեպ:

«Մենք պետք է ընդունենք ժողովրդավարությունը նույնիսկ այն պարագայում, երբ մարդիկ չեն քվեարկում արևմտամետ կուսակցությունների օգտին», - համոզված է թուրք արձակագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG