Մատչելիության հղումներ

Գերման Գրեֆ․ Հայաստանին անհրաժեշտ է սեփական Լի Քուան Յու


Գերման Գրեֆ, արխիվ
Գերման Գրեֆ, արխիվ

Ռուսաստանի խնայբանկի՝ «Սբերբանկ»-ի ղեկավար, այդ երկրի ամենահեղինակավոր գործիչներից մեկի՝ Գերման Գրեֆի կարծիքով, Հայաստանին անհրաժեշտ է հայկական Լի Քուան Յու։

Գրեֆը ուրբաթ օրը մի քանի ժամով եկել էր Երևան՝ մասնակցելու Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական առաջին միջազգային ֆորումի աշխատանքներին։ Իր ելույթում նա անդրադարձել է Ռուսաստանի տնտեսությանը, նշել է, մասնավորապես, որ Ռուսաստանն ընդամենը 15-20 տարի ունի իր տնտեսությունը փոխելու համար, քանի որ երկրի տնտեսության հիմնական ներուժի՝ նավթի միջազգային գներն այլևս չեն վերադառնալու նախկին բարձր ցուցանիշներին։

Իսկ Հայաստանի մասին խոսելիս Գերման Գրեֆը մասնավորապես ասել է, որ երկրին անհրաժեշտ է սեփական Լի Քուան Յու։ Հիշեցնենք՝ Լի Քուան Յուն Սինգապուրի նախագահն էր, ով փոքրիկ աղքատ երկիրը դարձրել է աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը։

«Ազատությանը» տված հարցազրույցում Գրեֆը մանրամասնեց, թե ինչ էր ուզում դրանով ասել:

«Ես ի նկատի չունեի նոր կամ հին առաջնորդ, ես այս մասին չեմ ասել։ Ես ի նկատի չունեի, թե ով պետք է լինի, ես ուզում էի ասել, որ Հայաստանի առաջնորդը, ով էլ նա լինի, պետք է նույն ծրագրերը իրականացնի, ինչ և Սինգապուրի նախկին նախագահն է իրականացրել։ Սա լավ օրինակ է՝ փոքրիկ երկիր, փոքրիկ շուկա, սակայն՝ շրջափակված մեծ շուկաներով։ Եթե Սինգապուրի դեպքում այդ մեծ շուկաները Մալայզիան ու Չինաստանն են, Հայաստանի դեպքում դրանք են Իրանը և Ռուսաստանը։ Ռուսաստանը, երևի, առաջին հերթին, եվրասիական շուկան։ Այս առումով, հնարավոր շուկաները ընդլայնելու քայլը ճիշտ քայլ է», - ասաց Գրեֆը՝ շարունակելով․ - «Իհարկե, Հայաստանին անհրաժեշտ է բարեփոխումների ճիշտ ծրագիր։ Եվ սա ենթադրում է, որ այդ ծրագիրը մեկը պետք է ղեկավարի։ Ես գիտեմ, որ ձեզ մոտ շուտով ընտրություններ են լինելու: Չեմ ուզում գնահատական տալ գործող իշխանություններին։ Բայց այդ ծրագիրը պետք է իրականացնի շատ ուժեղ մարդ, կապ չունի՝ հին կամ նոր առաջնորդ, սակայն ակնհայտ է, որ նա պետք է լինի մեծ խարիզմայի տեր»:

Ինչ վերաբերում է երեկ Երևանում մեկնարկած Եվրասիական առաջին տնտեսական ֆորումի նշանակությանը՝ ռուսաստանցի գործիչն ասաց․ - «Գիտեք, առանց նման հանդիպումների հնարավոր չէ խոսել տնտեսության զագացման մասին։ Նման հանդիպումներն առիթ են ստեղծում, որպեսզի պոտենցիալ ներդրողները, քաղաքական գործիչները, որոշում կայացնող մարդիկ գան երկիր, ծանոթանան այդ երկրի մշակույթին, շփվելու հնարավորություն են ստեղծում։ Այս ամենը հնարավոր չէ անել, եթե չկան նման միջոցառումներ։ Դրա համար, ես համարում եմ, որ այս ֆորումը շատ ճիշտ նախաձեռնություն է։ Սա ճիշտ քայլ է՝ ճիշտ մթնոլորտ ստեղծելու Հայաստանում ներդրողների համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG