Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը չի հստակեցնում՝ որտեղ է կրելու պատիժը Պերմյակովը


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Շաբաթ օրը Գյումրի այցելած Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում այդպես էլ չհստակեցրեց, թե ի վերջո որտեղ է կրելու պատիժը գյումրեցի Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը։

«Քանի որ դա մի քանի պայմաններ է իր մեջ ենթադրում, այսինքն՝ «եթե»-ներ ունենք, հետևաբար՝ կարծում եմ, որ այսօր ուղղակի ժամանակի վատնում կլինի այդ «եթե»-ների մասին խոսել: Կհասնենք դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելու փուլին, դրանից հետո իմ ասած «եթե»-ների իրավիճակներ կունենանք, անպայման օրենքով սահմանված կարգով բոլորիդ համար շատ ընկալելի լուծումները դուք կտեսնեք», - ասաց գլխավոր դատախազը:

Լրագրողները Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին՝ դատավարության ավարտից հետո արդյո՞ք համարում է, որ Ավետիսյանների սպանությունը բացահայտված է: Հիշեցնենք՝ դաժանորեն սպանված ընտանիքի իրավահաջորդները հայտարարում են, որ դատավարությունը այդպես էլ չտվեց գլխավոր հարցի պատասխանը՝ ինչու սպանվեցին իրենց հարազատները, որն էր սպանության դրդապատճառը։

«Քրեական գործից անջատված մաս ունե՞նք, ըստ ձեզ: Եթե ոչ, ուրեմն՝ բացահայտվել է․․․ Կայացվել է դատական ակտ, որի հետ մեղադրանքի կողմը համաձայն է: Առկա դատական ակտի պայմաններում մեղադրողի կողմից չի բողոքարկվել դատական ակտը․ դա արդեն իսկ վկայում է այն մասին, որ մեղադրանքի կողմը համաձայն է դատարանի կողմից՝ առաջին ատյանի դատարանի կողմից տրված իրավական գնահատականների հետ», - հայտարարեց Դավթյանը:

Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև Միացյալ Նահանգների կողմից հետախուզվող և Հայաստանում ձերբակալված, ապա ազատ արձակված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի գործին։

Հիշեցնենք, Հայաստանի ոստիկանության հաղորդմամբ, 30-ամյա Միրոնովը այս տարվա մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում էր Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների կողմից՝ փողերի լվացման և զենքի ապօրինի առևտրի մեղադրանքով: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն օգոստոսի 29-ին մերժեց դատախազության միջնորդությունը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Սերգեյ Միրոնովին 40 օրով կալանավորելու վերաբերյալ, և ռուսաստանցին ստորագրությամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը։

«Մենք վիճարկեցինք, Վերաքննիչ դատարանը մեր բողոքը մերժեց, կայացրեց նույն դատական ակտը, այսինքն՝ օրինական ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը», - ասաց Արթուր Դավթյանը:

Գլխավոր դատախազն այսօր Գյումրի էր եկել՝ ներկայացնելու Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Կարեն Գաբրիելյանին, նաև դռնփակ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզի ուժային կառույցների հետ:

«Բնականաբար, առաջին հանդիպումն է, նոր, նորանշանակ դատախազին եմ ներկայացնում և շատ կարևորում եմ այսօր նաև մարզի իրավապահ մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների հետ համատեղ խորհրդակցությունը, աշխատանքային քննարկումը: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ և կարևոր է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, մեր գործընկերները գլխավոր դատախազից անմիջապես լսեն այն պահանջները, այն սկզբունքները, այն կանոնները, որոնք վերաբերելու են այսուհետ մեր աշխատանքին», - ասաց Արթուր Դավթյանը:

«Պահանջները, ըստ էության, վերաբերում են ամբողջ հանրապետությանը: Յուրաքանչյուրս պարտավոր ենք լինելու մեր ամենօրյա աշխատանքով, ընդ որում՝ գիշերուզօր աշխատանքով, ապահովելու, որպեսզի ցանկացած դեպքով, որով կզբաղվի իր գործառույթների շրջանակներում դատախազությունը, իրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն, որպեսզի շատ արագ մենք կարողանանք հասնել նաև հանրային այն ընկալմանը, որ օրենքի առջև իսկապես բոլորը հավասար են», - հայտարարեց Հայաստանի գլխավոր դատախազը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG