Մատչելիության հղումներ

Սպորտի նախարար. «Եթե խնդիրները չի կարողանում իրականացնել, պիտի պատվով դուրս գա»


Հայաստան - Ռումինիա ֆուտբոլային խաղը, 8-ը հոկտեմբերի, 2016թ․
Հայաստան - Ռումինիա ֆուտբոլային խաղը, 8-ը հոկտեմբերի, 2016թ․

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին պարտություններից հետո Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի կարծիքով՝ ոլորտում համակարգային փոփոխություններ են պետք։ «Ազատության» հետ զրույցում նախարարը պնդեց, որ միայն գլխավոր մարզչի հրաժարականով ոլորտում ոչինչ չի փոխվի։

«Հրաժարականը համարում եմ շատ ճիշտ, և ամենակարևորը՝ տղամարդու որոշում էր։ Եվ դա նաև ցույց է տալիս, որ են մարդը, ով ձախողում է իր վրա դրված պարտականությունները կամ չի ստացվում մոտը, պետք է հրաժարական տա», - արձանագրեց նախարարը։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի մինչ այս տեղի ունեցած 3 հանդիպումներում էլ պարտություն կրելուց հետո երեկ ուշ երեկոյան հրաժարական տվեց։

Սպորտի նախարար Ռոստամյանի կարծիքով՝ հիմա ֆուտբոլի ոլորտում խնդիրները հասկանալու համար լայն քննարկումներ պետք է անցկացվեն։ Այն հարցին էլ, թե ինչպես է վերաբերվում երկրպագուների՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջին, նա պատասխանեց, որ ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է և նախարարությունը չի կարող հրաժարական պահանջել։

Մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանի համար Վարուժան Սուքիասյանի հրաժարականը անակնկալ չէր, նրա համար հենց սկզբից էլ ակնհայտ է եղել, որ մարզիչը չի համապատասխանում հավաքականին, քանի որ հենց նրա մարզիչ եղած ժամանակ 4 առաջատար ֆուտբոլիստներ հեռացվեցին հավաքականից։ Հիմա, լրագրողի խոսքով, հավաքականին պրոֆեսիոնալ մարզիչ է պետք, ով կլուծի նաև ներքին խնդիրները։

«Հավաքականի հետ կարող են աշխատել Աբրահամ Խաշմանյանը, որը Հայաստանում տարբեր թիմերի հետ արդյունք է ցույց տալիս, և, իհարկե, Ալեքսանդր Գրիգորյանը՝ Խաբարովսկում այս պահին աշխատող», - նշում է նա։

Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջին, ապա մարզական լրագրողի կարծիքով, մարզչի հրաժարականը համակարգային փոփոխությունների մի փոքր մասն է, և տրամաբանական կլինի և ամեն ինչ գնում է նրան, որ Ռուբեն Հայրապետյանը նույնպես հրաժարական տա։

Վարուժան Սուքիասյանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում մեկ տարի էլ չաշխատեց։ Մինչ այս պաշտոնը ստանձնելը Սուքիասյանը 5 տարի Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ տնօրենն էր, որը զբաղվում է գերեզմանների համար տարածքներ հատկացնելով, ինչպես նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչը։ Սուքիասյանի կարիերայի ընթացքում ամենախոշոր պարտությունը Ռումինիայի հետ հոկտեմբերի 8-ին Երևանում անցկացված հանդիպումն էր՝ 0։5 հաշվով։ Հենց այս խաղից անմիջապես հետո էլ նա հայտարարեց, որ լրագրողներն են մեղավոր հավաքականի կազմում շատ վնասվածքների համար։

Ռումինիայի հետ հանդիպումից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե չի՞ պատրաստվում արդյոք հրաժարական տալ, Սուքիասյանն էլ պատասխանեց՝ եթե հավաքականի վիճակը ծանր չլիներ, ինքը հրաժարական կտար։ - «Ես թիմը չեմ թողնի այս ծանր վիճակի, բայց որ Ֆեդերացիան պահանջի՝ ես անպայման հրաժարական կտամ։ Բայց ես էնքան տղամարդկություն ունեմ, որ պետքա պահեմ թիմը», - հայտարարեց նա։

Թեև վերջին՝ Լեհաստանի հետ հանդիպումից գլխավոր մարզիչը գոհ էր ֆուտբոլիստներից, բայց խաղից երկու օր անց նա հեռացավ հավաքականից՝ առանց բացատրությունների։

Վարուժան Սուքիասյանի հետ կապ հաստատել այսօր չհաջողվեց։ Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում միայն հրաժարականի մասին կարճ հաղորդագրություն է տեղադրվել, իսկ թե երբ հայտնի կդառնա նոր մարզչի անունը, պարզ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG