Մատչելիության հղումներ

Վլադիկավկազի կլինիկաներում գտնվող՝ վթարից տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում


Ռուսաստան - Վթարված ավտոբուսը Բեսլան-Վլադիկավկազ ավտոճանապարհին, 14-ը հոկտեմբերի, 2016թ․
Ռուսաստան - Վթարված ավտոբուսը Բեսլան-Վլադիկավկազ ավտոճանապարհին, 14-ը հոկտեմբերի, 2016թ․

Այսօր ժամը 14:10 Ռուսաստանում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների աշխատակիցներից բաղկացած աշխատանքային խումբը այցելել է Վլադիկավկազի հանրապետական և կլինիկական հիվանդանոցներ, տեղում ծանոթացել է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների (որոնք, ինչպես հաղորդվել էր նախկինում, 4-ն են) առողջական վիճակին, զրուցել բժիշկների հետ:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն, տուժածների վիճակը մնում է անփոփոխ, նրանցից 3-ը՝ Հարությունյան Ժ. Մ.-ը (1949 թ. ծնված), Պողոսյան Ս. Ս.-ը (1990 թ. ծնված) և Բաղդասարյան Հ. Մ.-ը (1949 թ. ծնված) գտնվում են վերակենդանացման բաժանմունքում և նրանց վիճակը գնահատվում է ծանր, իսկ Ծատինյան Ա. Ն.-ինը (1984 թ. ծնված)՝ միջին ծանրության:

Հայաստանի առողջապահության նախարարությունը, իր հերթին, հայտնում է, որ Վլադիկավկազի երեք կլինիկաներում ներկայումս բուժվում են ավտոբուսի վթարից 8 տուժածներ: Նրանցից 4­-ը՝ Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ռուս տղաներ, ովքեր Հայաստան էին գալիս կարատեի մրցումներին մասնակցելու համար։ Մյուս 4-ը՝ երեք տղամարդ և մեկ կին, Հայաստանի քաղաքացի են։ Նրանցից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ մեկն այսօր է տեղափոխվել հիվանդասենյակ։ Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում բուժվող ՀՀ քաղաքացի երկու տղամարդն էլ ունեն բազմակի կոտրվածքներ, այդ իսկ պատճառով գտնվում են մշտական անզգայացման տակ։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է ծանր։

Շտապօգնության կլինիկական հիվանդանոցում Մոսկվա­-Երևան ավտոբուսի վթարից տուժած ՀՀ երկու քաղաքացիներից մեկը պետք է վիրահատվի, իսկ մյուսը լրացուցիչ համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն է անցնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG