Մատչելիության հղումներ

«Սերժ Սարգսյանը ինչ-որ բան էր քրթմնջում»․ - ռուսական մամուլը՝ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի մասին


ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի մասնակիցները, 14-ը հոկտեմբերի, 2016թ․

ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի մասնակիցները, 14-ը հոկտեմբերի, 2016թ․

Ուրբաթ օրը Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին կազմակերպության անդամ երկրների ղեկավարները չեն կարողացել պայմանավորվել ոչ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակվելիք Հայաստանի ներկայացուցչի թեկնածության, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի շուրջ համատեղ հայտարարության հարցերում, որոնց վերաբերյալ ավելի վաղ հաղորդվել էր:

Ռուսաստանյան «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը երևանյան գագաթնաժողովի մասին հոդվածում գրում է․ - «Հայտնի հանգամանքների պատճառով Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների համար ամենահարմար վայրը չէ։ Նույնիսկ եթե չեն անում բարձր հայտարարություններ, միայն Հայաստանում հավաքվելու փաստը արդեն լի է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները վատացնելու վտանգով, իսկ այս երկու պետությունները ՀԱՊԿ անդամ Հայաստանը չհաշված՝ մյուս բոլոր անդամներն իրենց բարեկամ պետություններ են համարում»:

Ավելին, անդրադառնալով այն փաստին, որ ՀԱՊԿ պետությունների ղեկավարները չեն կարողացել պայմանավորվել գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի թեկնածության շուրջ, թերթը գրում է. - «Երկու ժամ բուռն քննարկումներից հետո նախագահները դուրս եկան լրագրողների մոտ առանց արդյունքների։ Գլխավոր քարտուղարի մասին հարցը որոշվել է հանել այսօրվա օրակարգից, ցածրաձայն քրթմնջաց Սերժ Սարգսյանը՝ չբացատրելով նման որոշման պատճառները»:

Նույնն է գրել նաև «Կոմերսանտ»-ը. - «․․․ Ինչից հետո պարոն Սարգսյանը նույնպես անհասկանալի ինչ-ոչ բան էր քրթմնջում քթի տակ»:

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանի համար այս հրապարակումները զարմանալի չեն: «Կոռեկտության խախտումները շարունակվելու են և որքան գնալու են՝ ավելի ահագնանալու են և այնքան ավելի անդաստիարակ բնույթ են կրելու: Իհարկե, անկախ պետության նախագահը պետք է այս պարագայում որոշակի արձագանք տա, և որևէ մեկը իրավունք չունի անկախ պետության նախագահի հանդեպ նման ելույթներ ունենալ, եթե իհարկե պետությունը անկախ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սեդրակյանը:

Ռուսական մամուլը գրում է, որ ՀԱՊԿ ղեկավարները չեն կարողացել պայմանավորվել և ընդունել պաշտոնական Երևանի ներկայացրած թեկնածուներից և ոչ մեկին, չեն ընդունել ՀԱՊԿ-ում նաև Ղարաբաղի մասին հայտարարությունը՝ հավանաբար Ադրբեջանին չզայրացնելու համար:

Նկատենք, որ գագաթնաժողովին չի եղել հայտարարություն նաև Սիրիայի մասին, թեև այն նույնպես ակնկալվում էր, համենայն դեպս՝ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը այդ մասին ակնարկել էր։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ Երևանում բողոքել է, որ տասնյակ տարիների ընթացքում ՀԱՊԿ-ին այդպես էլ չի հաջողվել վերածվել միջազգային հանրության կողմից ճանաչված կազմակերպության:

Թե՛ հայաստանցի, թե՛ ռուսաստանցի լրագրողները նկատել են նաև, որ երեկվա հավաքը գրեթե ամբողջովին փակ էր լրագրողների համար, ինչն աննախադեպ է նույնիսկ այս կազմակերպության համար:

ՀԱՊԿ հավաքի շրջանակում երեկ մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արվել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երեկ Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է․ - «Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»: «Եթե Հայաստանն ու Թուրքիան հանկարծ վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը, առանց կապելու դա ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր տպավորություններով, ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացը առանցքային նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում», - կարծիք է հայտնել Լավրովը:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ այս հայտարարությունը պետք չէ լուրջ ընդունել, և այն ամենևին էլ չի արտահայտում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը: «Հայտարարությունը, իմ կարծիքով, պետք է ընկալել, այսպես ասած, ոչ թե որպես իրական քաղաքականության արտահայտում, այլ ինչ-որ ընդհանուր դատողություններ ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սաֆրաստյանը:

Փորձագետ Անուշ Սեդրակյանն էլ համարում է, որ Լավրովի հայտարարությունն ավելի քան վտանգավոր է հայկական կողմի համար․ - «Ակնհայտորեն, Լավրովի թաքնված, ընդհատակյա սուզաքարերը հետևյալն են, որ մենք գտնվում ենք այժմ, ներկա պահին, Ղարաբաղի հարցի որոշակի սակարկման թեմայի մեջ, որի փոխարեն պետք է բացվի հայ-թուրքական սահմանը»:

Նշենք, որ 2010 թվականի հունվարին այն ժամանակ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել էր իր գործընկեր՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին և այդ հանդիպմանը անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին՝ ասել. - «Ռուսաստանը ողջունում է թե' Ղարաբաղի, թե' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ցանկացած դրական որոշում: Սակայն պետք չէ դրանք մեկ փաթեթում միավորել: Այդ երկու խնդիրներից յուրաքանչյուրը շատ բարդ է լուծել՝ առանձին վերցրած, իսկ եթե փորձ արվի դրանք լուծել մեկ փաթեթով, ապա դրանց լուծման հեռանկարը մեխանիկորեն կհայտնվի ամենահեռվում: Գործնական և ռազմավարական տեսանկյուններից այս խնդիրները մեկ փաթեթում միավորելը այնքան էլ ճիշտ որոշում չէ»:

XS
SM
MD
LG