Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ ժամկետային զինծառայող է սպանվել, հարուցվել է քրեական գործ


Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն:

Նախնական տվյալներով, այսօր ժամը 8:40-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքային Վիրաբյանի ուղղությամբ արձակվել են կրակոցներ՝ վերջինիս պատճառելով մահացու հրազենային վիրավորումներ, ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), կատարվում է նախաքննություն:

Կատարվել են դեպքի վայրի, դիակի արտաքին զննություններ, վերցվել փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել փորձաքննություններ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում հայտնաբերվել է հրազենը, որով զինծառայողի ուղղությամբ արձակվել են կրակոցները, և թե ում է եղել այն ամրակցված։

Քննչական կոմիտեն քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրի լրացուցիչ։

Զինվորի մահվան դեպքի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում ասված է․ - «Հոկտեմբերի 15-ին` ժամը 08:40-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Վահագն Գագիկի Վիրաբյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրությունում խորին ցավակցություն է հայտնում Վահագն Վիրաբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG