Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Եղնուկյանի՝ տեսակցության արգելքը վերացնելու միջնորդությունը


Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց Կարո Եղնուկյանի միջնորդությունը՝ պարտադրել դատախազին վերացնել իր տեսակցությունների վրա դրված արգելքը:

Այդուհանդերձ դատավոր Մեսրոպ Մակյանը որոշումը ընթերցելուց հետո, անգամ ամոթ վանկարկումների ներքո, չհեռացավ դահլիճից: Նա որոշեց իր խոսքն ուղղել Եղնուկյանին՝ ըստ էության դիմելով դատական պրակտիկայում գրեթե աննախադեպ քայլի:

«Կարծում եմ, որ որոշմամբ արձանագրված փաստարկները այնքան համոզիչ են լինելու Ձեզ համար: Իհարկե, դատարանը՝ ես, որպես անձնավորություն, հասկանում եմ Ձեր հույզերը, Ձեր ասած հայտարարությունները՝ Ձեզ, Ձեր մայրիկին և Ձեր ընտանիքի անդամներին ես քաջ առողջություն եմ մաղթում», - դատավորն այս խոսքերով արձագանքեց Կարո Եղնուկյանի ելույթին:

Շուրջ երեք ամիս ճաղերի հետևում գտնվող և արդեն ութերորդ օրը հացադուլ անող ընդդիմադիր գործիչը հենց խնդրի բարոյական կողմն էր հիշատակում՝ հայցը ներկայացնելիս: Եղնուկյանը հիշեցրեց, որ հինգ զավակներից երկուսն արդեն մեկնել են արտասահման ուսումը շարունակելու, այդպես էլ չկարողանալով թեկուզ հինգ րոպեով հրաժեշտ տալ իրեն, երկուշաբթի էլ երրորդ զավակն է մեկնելու․ - «Եթե սա անմարդկային մոտեցում չէ, ես չեմ իմանում, ինչպե՞ս կարելի է սա ուրիշ ձևի բնութագրել: Սա հավասար է հոգեբանական խոշտանգման: Ես ուժեղ մարդ եմ, ես կդիմանամ, բայց ինչո՞ւ պետք է հայ դատախազը և հայ քննիչը և հայ դատարանը այդպես վարվեն մեկ ուրիշ հայի նկատմամբ: Ո՞ւր է այդ մարդկայնությունը, ո՞ւր է այդ՝ երբ որ կենացներ եք խմում սեղաններին՝ հայ ժողովրդի կենացը և այլն, այդ ժամանակ չե՞ք մտածում, թե դուք ինչ եք անում Կարո Եղնուկյանի և իր ընտանիքի հետ»:

Եղնուկյանը հիշեցրեց նաև, որ իրեն տեսնելու համար Միացյալ Նահանգներից եկել են 82-ամյա մայրն ու եղբայրը և առաջիկա օրերին պիտի վերադառնան:

«Լեզուս չի պտտվում ասել, և Աստված թող ինձ ների, բայց 82 տարեկան մորս ես կարո է վերջին անգամ տեսնեմ: Դա ձեր խղճին է՝ հարգելի՛ դատախազ և դատարան», - ասաց նա:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու մեջ մեղադրվող Եղնուկյանը տարակուսանք հայտնեց՝ եթե տեսակցությունների արգելքի նպատակը կնոջն ու զավակներին գաղտնի ինֆորմացիա փոխանցելուն խոչընդոտելն է՝ ինքը փաստաբանի հետ առանձնազրույց է ունենում գրեթե ամեն օր, և նրա միջոցով կկարողանար փոխանցել այդ ինֆորմացիան, եթե այդպիսին լիներ: Բացի այդ, Եղնուկյանը նկատեց, որ հարազատների հետ հանդիպումներին, որպես կանոն, մասնակցում են հսկիչները․ - «Հետևաբար, ես չեմ էլ կարող մի բան ասել, կա մի բան իրենց հանձնել, որպեսզի չեմ իմանում ինչ անեն: Մինչև այդ սենյակը մտնելը ինձ խուզարկում են, նաև՝ նսեմացուցիչ ձևով, որովհետև ես պետք է տաբատս և անդրավարտիքս իջեցնեմ և երեք անգամ պպզեմ – բարձրանամ, որպեսզի հանկարծ չեմ իմանում որտեղ չեմ իմանում ինչ եմ պահել․․․ միակ բանը, որ ես կարող եմ անել այդ սենյակում, որտեղ հսկիչը նայում է՝ ես պիտի գրկախառնվեմ երեխայիս հետ՝ անչափահաս, 10 տարեկան աղջկաս, կնոջս հետ պիտի գրկախառնվեմ, մի քանի համբույր պիտի տամ, սա է»:

Ուստի սա, ըստ «Հիմնադիր խորհրդարանի» անդամի, ոչ թե օրենքի կիրառում է, այլ իր նկատմամբ պատիժ:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը, սակայն, այս ելույթից հետո դատարանին խնդրեց մերժել Եղնուկյանի միջնորդությունը․ - «Դատարանը նման իրավասություն չունի վերացնել դատախազ Պետրոսյանի որոշումը: Այսինքն՝ ամբողջ բողոքն է անհիմն»:

Ի դեպ, այսօրվա դատավարությանը հետևում էին Միացյալ Նահանգների դեսպանատան ներկայացուցիչները․ Կարո Եղնուկյանն ԱՄՆ քաղաքացի է:

Նրա աջակիցները նիստից հետո բողոքի երթ անցկացրին դեպի Կառավարություն:

XS
SM
MD
LG