Մատչելիության հղումներ

Նոր Հարկային օրենսգրքի կարգավորումները «հարվածում են հատկապես բարեխիղճ ՓՄՁ֊ներին»


ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյան
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյան

Նախկին Էկոնոմիկայի, այժմ վերանվանված Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանի փոխանցմամբ, իրենք ուսումնասիրում են, թե վերջերս ընդունված Հարկային օրենսգիրքը ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ բիզնեսի վրա։

«Հիմա կոնկրետ նախարարությունը անում է վերլուծություններ Հարկային օրենսգրքի․ ո՞ր ուղղություններն են, որոնք որ կարող են տնտեսական աճի ապահովման բնագավառում որոշակի խոչընդոտներ հանդիսանալ: Բայց էդ սանդղակները, կամ եկամտահարկի, շահութաբաժինների լրացուցիչ հարկման հետ կապված, դրանք միջազգային պրակտիկայում ընդունված են»:

Մինչ նախարարությունը կվերլուծի, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն արդեն գիտեն՝ 150 հազար դրամից ավելի աշխատավարձերի պարագայում բարձրացող եկամտահարկը կհարվածի իրենց գրպանին, հատկապես բարեխիղճ գործարարներին, որոնք բոլոր աշխատակցիներին գրանցում են։

«Եկամտահարկը իջնելու է 150 հազար դրամից պակաս վաստակողների համար, բայց սա՝ միայն առաջին հայացքից», - ասում է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը՝ հիշեցնելով, որ 2018-ից 23 տոկոսի հարկին կգումարվի ևս 5 տոկոս պարտադիր կենսաթոշակայինը․ արդյունքում ստացվում է, որ 2018-ից գործատուների հարկային բեռը զգալիորեն կծանրանա․ - «Այն ՓՄՁ-ների վրա, որոնք այս պահին գործում են, և իրենց մոտ վարձու աշխատողների աշխատավարձը 150 հազարից բարձր է, այս պահին արդեն իրանց վրա բացասական ազդեցություն ունի: Իսկ այն ՓՄՁ֊ների վրա, որտեղ վարձու աշխատողների աշխատավարձը մինչև 150 հազար է, նրանց վրա բացասական ազդեցություն կունենա կուտակային վճարների օրենքի ներդրման պահից»:

Փոխնախարար Էմիլ Տարասյանի խոսքով՝ իրենց գերատեսչությունը բիզնեսի ներկայացուցիչների հետ կապի մեջ է, գիտեն մտահոգությունները, բայց օրենսգիրքը ստեղծելիս և ընդունելիս բիզնեսի շահերը ներկայացնող նախարարությունը այս գործընթացի վրա փաստորեն ազդեցություն չի ունեցել․ - «Նախաձեռնողը և Հարկային օրենսգրքի հիմնական ներկայացնողը եղել է Ֆինանսների նախարարությունը»:

«Մենք կվերանայենք ամբողջ օրենսգիրքը մինչև ուժի մեջ մտնելը, կնայենք ամենաթույլ կետերը, որոնք Հարկային օրենսգրքում կան և կարող են բացասաբար ազդել մեր տնտեսությանը», - հավելեց նա:

Թեև բիզնեսի ներկայացուցիչները մտահոգված են, որ մեկ տարուց մեծանալու է հարկային բեռը, այնուամենայնիվ, շաբաթվա սկզբին նախագահ Սարգսյանը Նյու Յորքում միջազգային ներդրողների առջև հայտարարեց, որ նոր Հարկային օրենսգիրքը մի շարք արտոնություններ է տրամադրում գործարարներին և ներդրողներին։

Փոքր ու միջին բիզնեսի ասոցիացիայի ղեկավարը դժվարանում է մատնանշել, թե ինչ նոր հարկային արտոնության մասին է խոսել նախագահը․ - «Էս պահին գործող արտոնությունները միկրոբիզնեսի համար, որոնք կան մինչև օրենսգրքի ուժի մեջ մտնելը, պահպանվել են: Դա ընտանեկան ձեռնարկատիրությունն ա․․․ հարկերից ազատման: Ավելին՝ էն ոլորտը, որը մեր երկրի համար շատ կարևոր ա՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, Հարկային օրենսգրքով էդ արտոնությունները, որ հիմա գործում են, չի պահպանվել»:

Նախագահ Սարգսյանը նաև նշել էր, որ Էկոնոմիկայի նախարարությունը վերափոխվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարներն իրենց հարցերը բարձրացնելու քաղաքական հարթակ ունենան:

Հակոբ Ավագյանի խոսքով, գերատեսչության անվանափոխությունը երաշխիք չէ ներդրողի համար մի երկրում, որտեղ անկախ դատական համակարգ չկա․ - «Ներդրողին մտահոգող հարցերին ամենաառաջինը իր անվտանգությունն ա և իր շահերի պաշտպանությունն ա: Այստեղ արդեն գալիս ա գնահատականը՝ ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմներ են գործում երկրում, կոռուպցիոն խնդիրները լուծվա՞ծ են, թե չէ՞, ինչպիսի՞ հակակշեռներ կան՝ դատական համակարգեր և այլն»:

XS
SM
MD
LG