Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի սենատոր․ Այս քայլով Ֆրանսիան մի շատ կարևոր ուղերձ է հղում աշխարհին


Այսօր Ֆրանսիայի սենատը 156 կողմ, 146 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Հավասարություն և քաղաքացիություն» օրենքի այն հոդվածը, որով պատիժ է նախատեսվում Ֆրանսիայի կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների ժխտման համար՝ նույնիսկ եթե դրանք չեն ընդունվում դրանց հեղինակների կողմից, ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում է:

Սենատն այսպիսիով վերականգնում է այն հոդվածը, որը վերացվել էր Հատուկ հանձնաժողովի կողմից դեպի Սենատ դրա անցման ժամանակ: Մի հոդված, որը պատիժ է սահմանում մարդկության դեմ գործված ոճիրների՝ այդ թվում պատերազմական ոճիռների համար այն դեպքում, երբ դրանք ճանաչված են իրավասու մարմինների կողմից:

Հոդվածը ներկայացնող սենատորը վերապահություն էր հայտնել՝ առաջ քաշելով իրավական դժվարություններ այն ընդունելու համար, մինչդեռ Երիտասարդության, սպորտի և քաղաքի նախարար Պատրիկ Գամերը նշել է․ - «Մեր նպատակը պատմական իրադարձությունները որակելը չէ․ դա պատմաբանների աշխատանքն է՝ ասել այն, որ մարդկության դեմ գործված ոճիրը մի հանցանք է, որը մղում է ատելության և դրանով իսկ վտանգում մեր հասարակության խաղաղությունը»:

Մեկ այլ սենատոր, Հայ Դատի պաշտպան Ֆիլիպ Կանտելբակը իր ուրախությունն է արտահայտել վերոհիշյալ հոդվածի ընդունման առթիվ․ - «Ես շատ գոհ եմ, որ Սենատը լայն մեծամասնության ընդունեց հոդվածը՝ մի կողմ անցնելով քաղաքական տարբերություններից: Այսուհետև պատիժը կվերաբերի բոլոր ցեղասպանություններին: Սա մի շատ կարևոր քայլ է՝ պատժելու համար բոլոր ժխտողականներին և հատկապես նրանց, ովքեր ժխտում են 1915 թվականի հայերի ցեղասպանությունը: Այս քայլով Ֆրանսիան մի շատ կարևոր ուղերձ է հղում աշխարհին այն ժամանակ, երբ մասսայական ոճիրներ են գործվում Միջին Արևելքում և այլուր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG