Մատչելիության հղումներ

Զոհրաբյանը ԵԽԽՎ-ին կոչ է արել քննարկել կոռումպացված պատգամավորների և Ագրամունտի հարցը


Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ նստաշրջանում, Ստրասբուրգ, 12-ը հոկտեմբերի, 2016թ․

Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ նստաշրջանում, Ստրասբուրգ, 12-ը հոկտեմբերի, 2016թ․

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում Հայաստանի պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) և խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խոսել է ԵԽԽՎ-ում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի հանդեպ Իտալիայի իրավապահների կողմից հարուցված քրեական գործի մասին:

ԲՀԿ հաղորդագրության համաձայն՝ Վոլոնտեն մեղադրվում է Ադրբեջանի շահերը ԵԽԽՎ-ում սպասարկելու համար Ալիևի կլանի կողմից 2 միլիոն 400 հազար դոլար կաշառք ստանալու մեջ։ Զոհրաբյանը նշել է, որ Վոլոնտեն Վեհաժողովում միակ կոռումպացված պատգամավորը չէր, և առաջարկել է հրապարակային քննարկման դնել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից կաշառված պատգամավորների ու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հարցը։

«ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանից անմիջապես հետո Իտալիայի իրավապահները քրեական գործ հարուցեցին ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի նկատմամբ՝ 2012-14 թվականներին Ադրբեջանի կառավարությունից շուրջ 2 միլիոն 400 հազար դոլար կաշառք ստանալու համար, որի դիմաց Վոլոնտեն պարտավորվել էր տապալել Բաքվի շահերին հակասող բանաձևերը և մասնավորապես՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին Շտրասերի բանաձևը։ Միլանի դատախազությունը քննության ընթացքում բացահայտել էր ողջ շղթան, որի միջոցով Ալիևի կառավարությունը տարիներ շարունակ գումարներ է փոխանցել Վոլոնտեին և նրա խմբին՝ ԵԽԽՎ-ում Բաքվի շահերը սպասարկելու համար», - իր ելույթում ասել է Զոհրաբյանը:

«Դուք հրաշալի գիտեք, որ Լուկա Վոլոնտեն Ադրբեջանի կողմից կաշառված միակ պատգամավորը չի եղել։ Այստեղ, այս պահին նստած են մոտ երկու տասնյակ պատգամավորներ, որոնք ուղղակիորեն սպասարկում են ադրբեջանական շահը։ Վստահաբար՝ ոչ Ալիևի հանդեպ եղբայրական սիրուց դրդված», - հայտարարել է ԲՀԿ նախագահը՝ շարունակելով․ - «Գաղտնիք չէ նաև, որ մեր Վեհաժողովի ներկայիս նախագահ Պեդրո Ագրամունտը ևս Բաքվի շահերի երդվյալ պաշտպանն է. Ալիևի հանդեպ պլատոնական սիրուց, թե այլ պատճառով, դա էլ թողնում եմ ձեր դատին։ Ի դեպ, այս օրերին ուկրաինական պատվիրակությունը Ագրամունտի «մեղքերը» ավելացրեց ևս մեկով՝ նրան մեղադրելով նաև Ռուսաստանի լոբբիստը լինելու մեջ»։

«Ես հույս ունեմ, որ առաջիկայում մի քանի երկրների իրավապահներ ևս, ինչպես Իտալիայինը, քրեական գործեր կհարուցեն ԵԽԽՎ մի քանի պատգամավորի հանդեպ, ովքեր տարիներ շարունակ սնվել են ադրբեջանական նավթային երակից։ Եվ քանի դեռ մեր կառույցի դեմքը փրկելու փոքր, բայց հույս կա, հրապարակային քննարկման առարկա դարձնենք ԵԽԽՎ-ում լուրջ արմատներ գցած կոռուպցիոն սխեմաների խնդիրն ու որպես առաջին քայլ՝ դիմենք ազգային խորհրդարաններին՝ կոռումպացված պատգամավորներին՝ մեր Վեհաժողովից հետ կանչելու համար», - ասել է Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG