Մատչելիության հղումներ

Մաքսիմ Սոկոլով․ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարը լուրջ ահազանգ է


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան իշխանություններին՝ այսօր առավոտյան Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիներին օպերատիվ օգնություն տրամադրելու և հինգ զոհ ու երկու տասնյակից ավելի վիրավորների պատճառ դարձած ողբերգական այդ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքների վերացմանն աջակցություն ցուցաբերելու համար:

Մաքսիմ Սոկոլովն իր և ամբողջ պատվիրակության անունից անկեղծ ցավակցություն է հայտնել ողբերգական վթարի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին, զորակցության խոսքեր հղել բոլոր տուժածներին:

«Ես՝ որպես ՌԴ տրանսպորտի նախարար, այդ պատահարի հետ կապված ամեն ինչ անձամբ պահում եմ իմ վերահսկողության ներքո, ներգրավված են ինչպես ԱԻՆ, այնպես էլ բոլոր անհրաժեշտ ուժերն ու ռեսուրսները, այդ թվում՝ առողջապահության նախարարության: Այս պահին բոլոր վիրավորները գտնվում են Վլադիկավկազի և Բեսլանի հիվանդանոցներում, նրանց մատուցվում է որակյալ բժշկական օգնություն: Կանենք ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնենք ճանապարհատրանսպորտային այս պատահարի հետևանքները», - նշել է Սոկոլովը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայ-ռուսական միջտարածաշրջանային երևանյան հերթական համաժողովի աշխատանքներին՝ երկուստեք կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների, գործարար և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին մեկ հարկի տակ համախմբող այդ միջոցառումը:

Ընդգծելով, որ Հայաստանին և Ռուսաստանին կապում են բարեկամության և եղբայրության վրա հիմնված բազմադարյա սերտ կապերը, Սերժ Սարգսյանը փաստել է, որ այսօր այդ ամուր հիմքի վրա վստահորեն զարգանում են միջպետական դաշնակցային հարաբերությունները, որոնց կարևորագույն բաղադրիչն է միջտարածաշրջանային համագործակցությունը: «Մեր պետությունները միավորվել են մեկ տնտեսական տարածքում, և ապրանքի, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժը ստեղծում է նոր հնարավորություններ երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար: Հենց այդպիսի նոր հնարավորությունների բացահայտման նպատակով ենք մենք այս օրերին անցկացնում նաև Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը», - ասել է նախագահ:

Մաքսիմ Սոկոլովը և նրա գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ՌԴ նահանգապետերը նույնպես բարձր են գնահատել երկու երկրների միջև ձևավորված ու հաջողությամբ զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը՝ խորհրդանշական համարելով, որ Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը ևս այս օրերին անցկացվում է Հայաստանում: Նրանք հույս են հայտնել, որ այդ ձևաչափը ևս արդյունավետ հարթակ կդառնա տնտեսությունների մերձեցման, բոլոր ուղղություններով համագործակցության համար:

Այսօր Մաքսիմ Սոկոլովին ընդունել է նաև Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Ցավ հայտնելով Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի առնչությամբ՝ Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ընդգծել է, որ ՌԴ համապատասխան կառույցներն աշխատում են արտակարգ ռեժիմով, իրականացվում է անհրաժեշտ ամեն ինչ՝ վթարից տուժած ուղևորներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։ Նա ընդգծել է, որ տեղի ունեցածը լուրջ ահազանգ է, և պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն միջպետական ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։

Քննարկվել են նաև երկու երկրների միջև բեռնափոխադրումների ակտիվացման, Վերին Լարսի ճանապարհին առաջ եկող խնդիրների դեպքում՝ այլընտրանքային երթուղիների հնարավորությունները, ասված է Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG