Մատչելիության հղումներ

Գլազև․ Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը չի ոտնահարում Հայաստանի շահը


Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը չի ոտնահարում Հայաստանի շահը, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը:

«Ես հասկանում եմ, որ սա զգայուն թեմա է Երևանում, միևնույն ժամանակ՝ կարծում եմ մտավախությունները, թե ռուս-թուրքական հարաբերությունների խորացումը կարող է վնասել Հայաստանի շահը՝ անհիմն են: Թուրքիայի հետ վերջերս կնքված պայմանագրերը պարզապես վերականգնումն են այն նախագծերի, որոնք նախատեսված էին վաղուց, խոսքը գնում է նորմալ համագործակցության վերականգնման և քաղաքական պատճառով դադարեցված նախագծերի վերակենդանացման մասին», - ասաց Գլազևը:

Օրեր առաջ Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքում ստորագրվեց «Թուրքական հոսք» անունը կրող գազատարի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր, որով նախատեսվում է մինչև 2020 թվականը կառուցել ցամաքային և ծովային երկու խողովակաշարից բաղկացած գազատար: 2015-ի նոյեմբերին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով Թուրքիայի հետ հարաբերություններում առաջացած ճգնաժամից հետո ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների վերականգման սրընթաց գործընթացը ենթադրում է նաև ռազմաքաղաքական համագործակցություն:

Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Վլադիմիր Պուտինի խորհրդականի պնդմամբ՝ Հայաստանը ոչ միայն չպետք է անհանգստանա ռուս-թուրքական հարաբերությունների խորացումից, այլ նաև կարող է օգուտ քաղել դրանից:

«Չեմ տեսնում որևէ պատճառ մտածելու, թե Հայաստանի շահը ոտնահարվում է կամ տուժում են ռուս-հայկական առևտրատնտեսական հարաբերությունները: Որքան խորը լինեն կապերը ոչ միայն Եվրասիական միության ներսում, այլև հարևան երկրների հետ, այդքան ավելի կամրապնդվի քաղաքական կայունությունն ու կավելանան հնարավորությունները», - ասաց նա:

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի նախաձեռնած Եվրասիական համաժողովի բացմանը ներկա էին նաև Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները խորացնելու պոտենցիալ կա:

«Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին՝ կարծում եմ մենք ունենք աննախադեպ մեծ պոտենցիալ դրանց խորացման համար, միջազգային ինտեգրիացոն գործընթացները, որ տեղի են ունենում եվրասիական տարածքում միայն կարող են դրան նպաստել», - նշեց Կարապետյանը:

Համաժողովին մասնակցում էր նաև Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Վարչապետության շրջանում եվրոասոցացման կողմնակից Սարգսյանը իր ելույթում ներկայացրեց եվրասիական համագործակցության հաջողությունները․ - «Եվրասիական ինտեգրման ծրագիրն ընդլայնել է մասնակից երկրների տնտեսական սահմանները մինչև համաշխարհային ցամաքի 1/7-րդը, այն ստեղծել է ընդարձակ, գրեթե 200 միլիոնանոց շուկա՝ առանց սահմանների: Ծավալվում է աշխատանք, որպեսզի ստեղծվեն պայմաններ էլեկտրաէներգետիկայի, գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկա ստեղծելու համար»:

Նախկին վարչապետը նաև հայտնեց,, որ մինչև տարեվերջ կսկսեն գործել դեղամիջոցների և բժշկական ապրանքների ընդհանուր շուկաները: Նախատեսվում է նաև եվրասիական մաքսային օրենսգրքի ընդունում:

«Անում ենք ամեն ինչ որպեսզի փաստաթուղթը ստորագրվի այս տարվա դեկտեմբերին՝ միության անդամ երկրների նախագահների հանդիպմանը: Մաքսային օրենսգիրքն առաջադիմական փաստաթուղթ է, որը կնպաստի միության տարածքում մաքսային ձևակերպումների պարզեցմանն ու բիզնես միջավայրի բարելավմանը», - նշեց նա:

Տնտեսական համաժողովին մասնակցում էր նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Նա ընդգծեց, որ Ռուսաստանն է Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողը․ - «Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումները կազմել են 4․5 միլիարդ դոլար, երկրում ստեղծվել են ռուսական կապիտալով շուրջ 1250 ձեռնարկություններ և առանձնացված ստորաբաժանումներ»:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարը հայտարարեց նաև, որ աշխատանքներ են իրականացվում վրաց-ռուսական Վերին Լարս անցակետով ԵՏՄ անդամ երկրների բեռնափոխադրումների գործընթացը պարզեցնելու համար:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովը կգործի մինչև հոկտեմբերի 16-ը:

XS
SM
MD
LG