Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը


Ֆրանսիայի Սենատի շենքը Փարիզում, արխիվ

Ֆրանսիայի Սենատի շենքը Փարիզում, արխիվ

Ֆրանսիայի Սենատը այսօր կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 156, դեմ` 146 պատգամավոր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին:

«Սա բավական լուրջ հաջողություն է, զգալի աշխատանք է կատարվել մեր կողմից: Չմոռանանք, որ թուրքերը լուրջ լոբբինգ կատարեցին, բայց Սենատը քվեարկեց այն տարբերակի օգտին, որը քվեարկվել էր ամռանը Ազգային ժողովում: Դա նշանակում է, որ Ֆրանսիայի խորհրդարանը վերջնական ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը», - ասել է Փափազյանը: Նա, միաժամանակ, հավանական է համարել, որ թուրքերը կգտնեն 60 պատգամավոր, որոնք կաջակցեն և հարցը կներկայացվի Սահմանադրական դատարան:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, հիշեցնենք, հուլիսին միաձայն ընդունել է «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծում փոփոխությունը, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:

Եղան պատգամավորներ, որոնք կարծում էին, որ ընդհանուր օրենքից պետք է հանել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն հայկական համայնքն աշխատանք տարավ և հասավ նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաև այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր Ստորին պալատում, այն է` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը ներառված, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG