Մատչելիության հղումներ

Ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը թեթև վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց


Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը, արխիվ
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը, արխիվ

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայողը ծեծկռտուքի արդյունքում թեթև վնասվածք է ստացվել և տեղափոխվել հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին երեկ երեկոյան հաղորդել է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշված է, որ զինծառայողը գտնվում էր արձակուրդում, իսկ միջադեպը տեղի է ունեցել ռազմակայանի սահմաններից դուրս։

Մինչ այս հաղորդագրությունը, լրատվամիջոցները գրել էին, որ Ռուսաստանի ռազմակայանի զինծառայողը անհայտ անձանց հետ վիճաբանության ժամանակ դանակի հարվածից վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Ըստ Հարավային օկրուգի հաղորդագրության, պարզել են, որ զինծառայողը հիմնական արձակուրդում էր՝ պայմանագրի ժամկետը ավարտվելու կապակցությամբ։

Հարավային օկրուգի մամուլի ծառայությունը նաև հայտնում է, որ զինծառայողի դիմումի հետ կապված Հայաստանի իրավապահ մարմինները ստուգում են անցկացնում։

Ռազմական օկրուգի հաղորդագրությունները փոխանցում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Իսկ «Ինտերֆաքս»-ը հայտնում է զինծառայողի անունը՝ Ալեքսանդր Ռուցկոյ, և նշում, որ նա արդեն երկու շաբաթ գտնվում էր արձակուրդում։

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Ռուցկոյը ծառայակիցների հետ խնջույքի է մասնակցել, որի ընթացքում վիճաբանություն է սկսվել, արդյունքում Ռուցկոյը մարմնական վնասվածքներ է ստացել։

Քննչական կոմիտեն հաղորդել է, որ նա Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի շրջանում սուր ծակող վերքով։

Քննություն է տարվում միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով, ճշտվում է նաև, թե որ գերատեսչությունն է զբաղվելու այդ գործով։

Ըստ «Ինտերֆաքս»-ի, ավելի վաղ Հայաստանի ոստիկանությունը հաղորդել էր, որ ռուսական ռազմակայանի զինծառայողը դանակի հարվածից ստացած վերքով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունից ասել են, որ զինծառայողը վիրավորվել է Գյումրիում Շիրակի և Մարմարաշեն փողոցների խաչմերուկում՝ անհայտ անձանց հետ ծեծկռտուքի ժամանակ։ «Տարվում են քննչական անհետաձգելի գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու համար», - հավաստիացրել են ոստիկանությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG