Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի և Բուլղարիայի մայրաքաղաքում տեղակայված Դեմոկրատիայի հետազոտության կենտրոնի համատեղ ջանքերով երեկ լույս է տեսել «Կրեմլի պիեսների ժողովածու. Ռուսաստանի ազդեցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» գիրքը:

Այս աշխատությունը կազմած փորձագետների համոզմամբ, Մոսկվան գործարքներ է կնքում ռուսամետ դիրքորոշման պետական և քաղաքական գործիչների հետ, ձգտում է գերիշխող դիրք գրավել այդ երկրների էներգետիկ շուկայում և տնտեսական այլ ոլորտներում: Բացի այդ, ըստ փորձագետների, Բուլղարիայի, Հունգարիայի, Լատվիայի, Սերբիայի և Սլովակիայի կառավարությունների վրա ազդեցության լծակներ ձեռք բերելու համար ռուսները տարբեր մեթոդներով միջամտում են այդ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարին:

16 ամիսների ընթացքում հետազոտություններ անցկացրած փորձագետները գրում են, որ գաղտնի տնտեսական և քաղաքական գործողությունների նպատակն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում վարկաբեկել արևմտյան դեմոկրատական մոդելը և թուլացնել Տրանս-Ատլանտյան համագործակցությունը:

«Որոշ երկրներում Ռուսաստանի ազդեցությունը դարձել է այնքան ընդարձակ և վարակիչ, որ սպառնում է ազգային անվտանգությանը», - ասվում է «Կրեմլի պիեսների ժողովածու. Ռուսաստանի ազդեցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում» անվամբ գրքում:

Փորձագետները թվարկում են գործարքներ, որոնք Մոսկվան առաջարկել է նշված 5 երկրներում ազդեցությունն ամրապնդելու համար: Դրանցից մեկը Հունգարիայում երկու նոր ատոմակայան կառուցելու ծրագիրն է, որի արժեքը 12 միլիարդ 200 միլիոն եվրո է: Գործարքի պայմանները թափանցիկ չեն, դրանից օգտվել են բացահայտ ռուսամետ դիրքորոշման գործարարներ, ովքեր քաղաքական կայուն դիրք են ստացել և պաշտպանում են Կրեմլի շահերը:

Բուլղարիայում ռուսների տնտեսական կշիռը հասել է այդ երկրի ներքին համախառն արդյունքի 22 տոկոսին, ինչն արդեն ազգային անվտանգության աննախադեպ սպառնալիք է: Այդ մասին ասել է գրքի առաջատար հեղինակը՝ ամերիկացի նախկին պաշտոնյա Հիթեր Քոնլին: «Առաջին անհրաժեշտ քայլն է՝ ըմբռնել այս իրողությունը, հասկանալ, թե ինչ մեծ վտանգի տակ է հայտնվել դեմոկրատիան»,- ասել է Քոնլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG