Մատչելիության հղումներ

ՀՀ դեսպանը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին վերագրվող հայտարարությունների առնչությամբ


ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյան, արխիվ

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյան, արխիվ

Երեկ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով է հանդես եկել ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նիստում ելույթ է ունեցել նաև Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը, ով ներկաների ուշադրությունն է հրավիրել ԺՀՄԻԳ տնօրենի այս շաբաթ Բաքու կատարած այցելության և նրա ունեցած հանդիպումների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության վրա: Մասնավորապես, Կիրակոսյանն ընդգծել է, որ Միխայել Լինկին են վերագրվում հայտարարություններ ու գնահատականներ, որոնց համաձայն Ադրբեջանը ներկայացվում է միջկրոնական հանդուրժողականության առումով օրինակելի երկիր: Հայաստանի դեսպանն ափսոսանք է հայտնել, որ չնայած հայկական կողմի նախազգուշացումներին` հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հերթական ներկայացուցիչը ընկնում է ադրբեջանական քարոզչամեքենայի լարած թակարդի մեջ և շահագործվում ադրբեջանական իշխանությունների կողմից:

Հայաստանի առաքելության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանում շինծու օրինակների գովաբանումը հարված է հասցնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հեղինակությանը՝ որպես մի հաստատության, որը կոչված է նպաստելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը շեշտել է, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով վարվող այլատյացության և անհանդուրժողականության քաղաքականությունն արժանի է միայն դատապարտման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG