Մատչելիության հղումներ

Մուսինյան. Խորանում է մտահոգությունը, որ իշխանությունների գերնպատակը լինելու է իշխանության պահպանումը


Արտաքուստ ներկայացումներն ու հավաստիացումները, թե Հայաստանում ինչ-որ փոփոխություններ են լինելու, հավատ չեն ներշնչում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Կարծում եմ, որ հայտնագործություն չէ, որ Հայաստանի տնտեսական իրավիճակը, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ, և, կարծեք թե, ինչ-որ ձևակերպումներով ստիպված է եղել ընդունել ներկայիս գործող վարչապետը։ Արդեն տևական ժամանակ է ինչ Հայաստանում տնտեսական վիճակը, կարելի է ասել, ճգնաժամային է, բայց խնդիրն այստեղ հետևյալն է՝ Հայաստանում ստեղծված է քաղաքական համակարգ և այդ քաղաքական համակարգի գլխին կանգնած վարչախմբի ցանկություններից արտածված մի տնտեսական համակարգ, որը Հայաստանի իրական շահերի հետ որևէ կապ չունի, և այսօրվա այն արտաքուստ էսպես ներկայացումներն ու հավաստիացումները, թե ինչ-որ փոփոխություններ են լինելու, հավատի ոչ մի լուրջ բան չեն ներշնչում, մի պարզ պատճառով՝ որովհետև խնդիր չի դրված այս արատավոր համակարգը փոխելու», - ասաց Մուսինյանը։

«Ազատություն». - Դուք ասում եք՝ միայն արտաքուստ փոփոխություններ են, այնուամենայնիվ, տեսեք, կառավարության ամենահնաբնակ և բավական խիստ քննադատության արժանացած պաշտոնյաները՝ Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, արդեն թողել են իրենց պաշտոնները, դա Ձեզ հավատ չի՞ ներշնչում։

Մուսինյան. - Եկել են նորաբնակները։ Համակարգը նույնն է, անհրաժեշտ է փոխել համակարգը՝ նախևառաջ քաղաքական փոփոխություններ արմատական և որոնք պետք է լինեն ազատ և արդար ընտրությունների միջոցով, և տնտեսական համակարգի լուրջ բարեփոխումներ, իսկ այդպիսի ազդակներ, ցավոք, այս պահին դեռ չեն երևում։

«Ազատություն». - Հիմա իշխանական ճամբարից Ձեզ կարող էին հակադարձել, որ արդեն ասվել է՝ մենաշնորհների դեմ պայքար, տնտեսությունը շոկից է դուրս բերվելու։

Մուսինյան. - Մենաշնորհների դեմ պայքար չեն ասում։ Մենաշնորհների դեմ պայքարը կարելի է մեկ շաբաթում սկսել և ավարտել և ստեղծել մի իրավիճակ, որտեղ բոլորը կարող են հանգիստ զբաղվել տնտեսվարման ցանկացած ձևով և որևէ խոչընդոտի չհանդիպել, ստեղծվեն հավասար պայմաններ։ Կներեք, այն լոլոն, որ դա ժամանակ է պահանջում, դրանք ձևավորված բաներ են, ներկան միանգամից փոխելու դեպքում կարող են առաջանալ ճգնաժամային բաներ, դրանք իրականության հետ որևէ կապ չունեցող բաներ են։ Անհրաժեշտ է կամք քաղաքական և տնտեսական փոփոխությունների, և դրանք Հայաստանի նման փոքր երկրում իրականացնելն իրենից բարդություն չի ներկայացնում։

«Ազատություն». - Առաջին նախագահը նաև ընտրական գործընթացի բարեփոխումներն է թատերական արարողություն որակում, այնուամենայնիվ, այս բարեփոխումների լոկոմոտիվը Հայ ազգային կոնգրեսն էր, որը նախաձեռնեց 4+4+4 ձևաչափը, և հիմա այդ բարեփոխումները շուտով կյանքի ուժ են ստանալու։

Մուսինյան. - Բարեփոխված օրենսգրքով մենք կարողացանք իշխանության ձեռքից վերցնել մի քանի գործիքներ, և դա կարևոր քայլ էր, բայց իշխանությունն իր վերաբերմունքը շարունակում է ցույց տալ, թե ինքն ինչպես է պատկերացնում ընտրությունների անցկացումը, և ցույց տրվեց տեղական ինքնակառավարման [մարմինների] ընտրություններում, և ոչ մի երաշխիք չկա, որ այդ նույն բանը չի կրկնվի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում: Ավելին, կարծում եմ, որ էլի խորանում են մտահոգությունները, որ իշխանությունների գերնպատակը լինելու է ոչ թե ազատ և արդար ընտրությունները, այլ իշխանության պահպանումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG