Մատչելիության հղումներ

«ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսում ներկայացվել են ռազմարդյունաբերական համալիրի նորագույն մշակումները


Հոկտեմբերի 13-ին «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովը, բարձրաստիճան հյուրեր, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդես գալով ողջույնի խոսքով՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսը միտված է պաշտպանության ոլորտում հայրենական, գիտատեխնիկական արդի ձեռքբերումների կիրառմանն ու ներդրումների խթանմանը:

«Հայաստանի ռազմարդյունաբերությունն ունի համապետական մասշտաբով նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում տնտեսության կատալիզատոր դառնալու բոլոր հնարավորությունները: Այս համատեքստում բոլոր տեղական արտադրողներին, գիտական ոլորտի ներկայացուցիչներին և առաջատար ԲՈՒՀ-երի ուսանողներին կոչ եմ անում ջանք ու եռանդ չխնայել ազգ-բանակ տիրույթում իրենց ներգրավվածության շրջանակները ուրվագծելու համար»,- նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին ու հյուրերին` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին համոզմունք է հայտնել, որ Հայաստանում անցկացվող սպառազինությունների ցուցահանդեսը և դրա շրջանակում մասնակից պետությունների ու ձեռնարկությունների կուտակած փորձի փոխանակման հնարավորությունները նոր խթան կհանդիսանան հեռանկարային սպառազինությունների արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման համար, կնպաստեն ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ազգային ռազմարդյունաբերական համալիրների արտահանման ներուժի ընդլայնմանը:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող հայրենական և արտասահմանյան մի քանի տասնյակ ընկերությունների տաղավարներում ներկայացված սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ցուցանմուշներին: Քննարկվել են փոխշահավետ ծրագրային մի շարք առաջարկություններ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին է ներկայացվել նաև ռազմական նշանակության հայրենական արտադրատեսակների փակ ցուցադրությունը:

«Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիր կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև հայկական պլանշետների արտադրության մասնաշենքում, ծանոթացել է իրականացվող աշխատանքներին և բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորարարություններին:

Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերի 13-ին մեկնարկել է նաև «21-րդ դարի տեխնոլոգիաները ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. միջազգային համագործակցություն» խորագրով գիտագործնական համաժողովը, որին մասնակցում են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ, ՌԴ ԶՈւ և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչները:

Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն «ArmHiTec-2016»-ի գործարար ծրագրի մաս կազմող այլ միջոցառումներ ևս. գիտագործնական քննարկումներ, նիստեր և կլոր սեղաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG