Մատչելիության հղումներ

Աթամբաև.«Ղրղըզստանը Վրաստանից շատ բան ունի սովորելու»


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամներից մեկը` Ղրղըզստանը, ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին այսօր Թբիլիսիում հայտարարեց պաշտոնական այցով երեկ երեկոյան Վրաստան ժամանած Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Ղրղզստանի ղեկավարի համոզմամբ, ցանկացած պետություն իր ներքին խնդիրները պետք է ինքնուրույնաբար լուծի` առանց ամերիկացիների կամ ռուսների միջամտության:

«Վրաստանի նախագահի հետ մենք այս թեմայով բավական երկար զրուցեցինք: Մեր երկիրը 2005-ից 2010 թվականներին երկու հեղափոխություն է տեսել: Բայց անգամ նման ցնցումների պայմաններում մենք Վաշինգտոն կամ Մոսկվա չէինք զանգահարում, այլ փորձում էինք խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները: Պատերազմը միայն փակուղու է հանգեցնում: Պատերազմի դեպքում երբեք միայն մի կողմը մեղավոր չի լինում: Երբեմն պետք է մի կողմ դնել հպարտությունն ու մի ծայրահեղությունից մյուսը չնետվել», - հայտարարում էր Աթամբաևը` պատասխանելով վրացական հեռուստաընկերություններից մեկի լրագրողի հարցին:

Ղրղըզստանի նախագահը Թբիլիսիից ուղևորվելու է Երևան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի պազմակերպության վաղը մեկնարկող գագաթաժողովին:

Ի դեպ՝ Աթամբաևը Վրաստանի նախագահի նստավայրում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանում էր ռուսերեն` նշելով, թե հույս ունի, որ Վրաստանում այդ լեզուն դեռ չեն մոռացել:

«Ես կարող եմ նաև ռուսերեն պատասխանել: Հուսով եմ, որ վրացիները ռուսերենր չեն մոռացել և չեն էլ մոռանա: Ի վերջո, ասենք երկրորդ համաշխարհային պատերազմին վրաց ժողովրդի ունեցած ներդրումը միայն գերագույն գլխավոր հրամանատարի մակարդակով չէր», - հայտարարում էր Աթամբաևը` պնդելով, թե տասնամյակներ ի վեր Ղրղըզստանն ու Վրաստանը սերտ մշակութային կապեր ունեին:

«Մենք մեծացել ենք վրացական երգեր լսելով ու վրացական գրքեր կարդալով: Ղրղըզները քաջածանոթ են վրացական «Ընձենավորը» էպոսին: Շատերը մեր երկրում նույնիսկ համոզված են, որ դա ղրղըզական գիրք է», - պնդում էր Աթամբաևը:

Դատելով Աթամբաևի այցին վրացական կողմի ցուցաբերած վերաբերմունքից, ընդունելության մակարդակից ու բանակցություններին մասնակցող վրացական պատվիրակության պատկառելի կազմից` պաշտոնական Թբիլիսին բավական մեծ կարևորություն է տալիս Բիշքեքի հետ հարաբերությունների զարգացմանը: Վրացական իշխանությունները հավատարիմ են Ռուսաստանի մերձավոր դաշնակիցների հետ երկկողմ հարաբերությունները սերտացնելու, Մոսկվայի դաշնակիցներից երկրի տարածքային ամբողջականության ճանաչման միանշանակ հայտարարություններ կորզելու դեռ տարիներ առաջ որդեգրած մարտավարությանը:

2015-ի ապրիլին էլ Թբիլիսի էր ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Թբիլիսիում նա ևս հայտարարում էր, որ Բելառուսը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և չի պատրաստվում ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Ինչ վերաբերում է Ղրղըզստանի հետ հարաբերություններին, ապա այստեղ, ըստ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, զարգացման բավական լուրջ հեռանկարներ կան:

«Սա պատմական այց է: Մեզ է միավորում ընդհանուր անցյալը և բավական հետաքրքիր հեռանկարների առկայությունը», - հայտարարում էր Վրաստանի նախագահը:

Ալմազբեկ Աթամբաևի թբիլիսյան այցի արդյունքում երկու երկրները պայմանավորվեցին սերտացնել տնտեսական կապերը, բացառել կրկնակի հարկումը և խթանել երկուստեք ներդրումները: Բացի այդ, Թբիլիսին և Բիշքեքը համաձայնագիր ստորագրեցին հանցավորության դեմ պայքարի ասպարեզում համագործակցության մասին:

«Ղրղըզստանը Վրաստանից դեռ շատ բան ունի սովորելու», - ամփոփելով իր թբիլիսյան այցը հայտարարում էր Ալմազբեկ Աթամբաևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG