Մատչելիության հղումներ

Վաղը Երևանում կմեկնարկի ՀԱՊԿ-ի հերթական գագաթնաժողովը


Հայաստան են ժամանելու այս ռազմաքաղաքական կազմակերպությանն անդամակցող պետությունների նախագահները, պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, ազգային անվտանգության խորհուրդների նախագահները:

Այս պահին հայտնի է, որ նախագահներից Երևան չի ժամանի միայն Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով հիվանդության պատճառով հրաժարվել է Ադրբեջան և Հայաստան կատարելիք այցերից:

Նազարբաևի այցի չեղարկումը դեռ չմեկնարկած գագաթնաժողովի հիմնական ինտրիգներից է: Հարկ է նկատի առնել, որ Ղազախստանի նախագահը հետխորհրդային տարածաշրջանի ամենաերկարակյաց ու տարեց ղեկավարներից է, և, ինչպես հայտնում է պաշտոնական Աստանան, իսկապես հիվանդացել ու բուժում է ստանում:

Ղազախստանցի փորձագետներից ոմանք, այդուամենայնիվ, կարծիք են հայտնել, թե նախագահի «հիվանդությունը» սոսկ պատրվակ է՝ խուսափելու հայաստանյան այցից:

Վաղը մեկնարկելիք գագաթնաժողովի մեկ այլ ինտրիգն էլ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի նշանակումն է: Հայաստանյան մամուլն ավելի վաղ գրել էր, թե այդ պաշտոնն առաջակվել է այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, սակայն վերջինս հրաժարվել է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ամեն դեպքում, պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը, որի անունը կհայտարարվի վաղը:

Մեկ այլ ինտրիգ է սիրիական ճգնաժամի հարցով սպասվող համատեղ հայտարարությունը: Ռուս-ամերիկյան՝ առայժմ քաղաքական հակամարտությունը Սիրիայում, փորձագետների գնահատմամբ, հատել է կարմիր գիծը, և չի բացառվում, որ Ռուսաստանը փորձի քաղաքականից ռազմականի վերաճելու վտանգ պարունակող այս հակամարտության մեջ ներգրավել իր դաշնակիցներին, առաջին հերթին՝ հենց ՀԱՊԿ-ի գծով:

Ուշագրավ է, որ երևանյան գագաթնաժողովից հինգ օր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր․ - «Իմ երկիրը կպաշտպանի Ռուսաստանին, սակայն տանկերով չի գնա ո՛չ Ուկրաինա, ո՛չ էլ Սիրիա»:

Փորձագետները չեն բացառում, որ Երևանում Ռուսաստանը կարող է հանդես գալ միասնական հումանիտար կամ խաղաղապահ առաքելություն կազմակերպելու նախաձեռնությամբ:

Գլոբալիզիացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով, Մոսկվան առնվազն քաղաքական աջակցություն կփորձի ստանալ իր դաշնակիցներից: «Սիրիայում բավական լարված է վիճակը: Մեծ տարաձայնություններ են Ռուսաստան - Միացյալ Նահանգներ․․․ Միացյալ Նահանգները կարողացան ստեղծել ինչ-որ կոալիցիա․ բավական մեծ թվով, քառասունից ավելի պետություններ մտնում են այդ կոալիցիայի մեջ: Հիմա, ես կարծում եմ, որ շատ կարևոր է իր նախաձեռնությունները Սիրիայում ինչ-որ միջազգայնացնել, այնպես անել, որ ներկայացվի, որ դա ոչ միայն Ռուսաստանի նախաձեռնությունն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց փորձագետը:

Նրա խոսքով, ակնհայտ է, որ սիրիական ճգնաժամի հարցում ակտիվ աջակցությունը ռուսական կողմին ՍիրիայումՀայաստանի համար լի է տարբեր վտանգներով, և Ասադի ուժերի ռմբակոծությունների հետևանքով աննախաձելի վիճակում հայտնված հայ համայնքի գործոնը խոցելի է դարձնում Հայաստանը․ - «Ես պնդում եմ, որ այստեղ պետք է զգույշ լինենք: Ուղիղ հակառակը․ այն փաստը, որ համայնքը կա, պահանջում է մեզանից ավելի զգույշ գործողություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG