Մատչելիության հղումներ

Հայաստան տեղափոխվել ցանկացող որևէ սիրիահայի մասին մեզ որևէ տեղեկություն հայտնի չէ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց սփյուռքի փոխնախարար Սերժիկ Սրապիոնյանը։

«Տարհանման ցանկություն չկա։ Բնակիչներից ահազանգեր չկան: Տարհանելու իրավունք ունի Սիրիայի կառավարությունը, որովհետև նրանք Սիրիայի քաղաքացիներ են, իսկ երբ իրենք դիմում են մեզ, մենք արդեն գտնում ենք ուղիները ոչ թե տարհանելու, այլ տեղափոխելու», - ասաց փոխնախարարը՝ շարունակելով. - «Տեղափոխվելու ցանկություն պետք է լինի, որպեսզի մենք կարողանանք էդ մարդկանց տեղափոխումը կազմակերպել՝ համագործակցել մեր գործընկերների հետ։ Այդ ցանկության մասին մեզ որևէ տեղեկություն հայտնի չէ՝ ամենօրյա կապի պայմաններում, եթե լինի ու մարդը մնա այնտեղ ու մենք չտեղափոխենք, նշանակում է, որ մենք չենք աշխատել, բայց մենք ամեն օր էդ ուղղությամբ աշխատում ենք և լարված ենք աշխատում»։

«Հալեպ» միության ներկայացուցիչ Շուշան Կարապետյանը երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ միության միջոցներով Հայաստան է տեղափոխվել 250 սիրիահայ։ «Մենք դիմումներ ենք ստացել 600-ից ավելի, որոնք ուսումնասիրվում են։ Բայց ցանկացողներն ավելին են։ Հիմա այդքանն է նախատեսված՝ բարերարների տրամադրած գումարով այդքան մարդ կարող ենք տեղափոխել», - ասել էր Կարապետյանը։

Փոխնախարարն ասաց, որ իրենք աշխատում են վերոնշյալ միության հետ և նրանցից պահանջել են այդ 600 դիմումները, սակայն յոթ օր է անցել՝ դեռ ոչ մի դիմում չեն ստացել. - «Այդ 600 անձի ցուցակը պետք է լիներ մեզ մոտ, որովհետև համագործակցում ենք նաև «Հալեպ» բարեսիրական միության հետ։ Մենք յոթ օր է դիմում ենք այդ կազմակերպությանը, որ այդ ցուցակները՝ նախնական, լինեն, որպեսզի ցուցակի մեջ հայտնված մարդկանց հետ զրուցեն, գալու ցանկությունը վերջնական ճշտեն, տոմսը նրա անունով գնեն, ինքն էլ նստի ինքնաթիռ գա, հիմա, էդ մարդկանց անունները չկան, ո՞ւմ զանգեն, ի՞նչ դիմեն, ի՞նչ տոմս առնեն, հետևաբար՝ օդի մեջ հայտարարություն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG