Մատչելիության հղումներ

Նաղդալյանը՝ Ագրամունտին․ «Հայկական կողմն ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անաչառ մոտեցումները»


Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) չորեքշաբթի օրը տեղի է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի և ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Վեհաժողովի աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցեր, քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումները, համագործակցության եզրերը, ԵԽԽՎ-ում շրջանառվող նախաձեռնությունների ընթացքը:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ավանդույթի համաձայն, ըստ որի Վեհաժողովի նախագահներն այցելում են անդամ երկրներ` ԵԽԽՎ գործող նախագահը ևս ցանկություն է հայտնել այցելել Հայաստան:

Ագրամունտը նաև տեղեկացրել է, որ պատրաստվում է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև շփումներ կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գալ և քննարկել ԵԽԽՎ աշխատանքն առավել կառուցողական հունով տանելու հնարավորությունները:

Նաղդալյանը նշել է, որ վերջին շրջանում ԵԽԽՎ-ում կատարվող գործընթացները և նոր նախաձեռնությունները շատ կարևոր են և իրենց ազդեցությունն են թողնում Վեհաժողովի գործընթացների վրա, և այդ իմաստով էական են ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությունները: ԱԺ փոխնախագահը հավելել է, որ ամեն դեպքում հայկական կողմն ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անկողմնակալ, հավասարակշռված և անաչառ մոտեցումները, ինչը կնպաստի առաջին հերթին Վեհաժողովի աշխատանքների արդյունավետությանը և մթնոլորտի բարելավմանը: Կողմերը համաձայնել են անդրադառնալ բարձրացված հարցերին գալիք տարվա հունվարյան նստաշրջանում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ելույթ է ունեցել Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ:

Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի
Լուսանկարը՝ ԱԺ լրատվականի

«Ցեղասպանությունները, ինչին ականատես եղանք Հյուսիսային Իրաքում ԴԱԻՇ-ի կողմից՝ ընդդեմ էթնիկ եզդիների, ռազմական և մարդկության դեմ գործած հանցագործությունները, ցավոք, այսօր էլ շարունակվում են: Ուստի Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության առավել ճկուն մեխանիզմների մշակումն իրապես կարևոր խնդիր է», - ասել է Զոհրաբյանը՝ շարունակելով․ - «Մեր Վեհաժողովը պետք է հաստատի իր հանձնառությունը՝ պայքարելու անպատժելիության դեմ և աջակցելու Միջազգային քրեական դատարանին»:

«Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ընթացքում դաժանաբար խոշտանգվեցին, սպանվեցին, գլխատվեցին և անարգվեցին ոչ միայն զինվորներ, այլ նաև քաղաքացիական անձինք, երեխաներ, օգտագործվեց միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմական տեխնիկա: Բանական մարդու գիտակցության մեջ որևէ կերպ չտեղավորվող խոշտանգումները, դիակների և ողջ մարդկանց գլխատումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ են, որոնք ենթադրում են հստակ պատասխանատվություն: Տեղի ունեցածն աներկբա ռազմական հանցագործություն է, որն ընդդատյա է Միջազգային քրեական դատարանի», - շեշտել է հայաստանցի խորհրդարանականը:

«Հասկանալի է, որ թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և թե՛ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, անելու են հնարավորը՝ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար», - հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը և շարունակել․ - «ԼՂՀ դատախազության կողմից ապրիլի առաջին օրերին արդեն հարուցվել է քրեական գործ, որով հաստատվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 1994-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագիրը: Ապրիլյան պատերազմի առաջին օրերին ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտմամբ, հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, դպրոցներ, շինություններ, ինչն առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների»:

«Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ, և ձեզանից շատերը տեղյակ են ադրբեջանցի հրոսակների վայրագություններին: Ուրեմն՝ մի՛ լռեք: Մի լռեք նաև Դուք, հարգելի զեկուցող, որ հայտարարում եք, թե պետք է անողոք պայքար մղել անպատժելիության և ռազմական հանցագործությունների դեմ», - ասել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG