Մատչելիության հղումներ

Ցույց նախագահականի մոտ՝ կալանավորված սարիթաղցիների հոդվածը վերանայելու պահանջով


Սարի թաղի բնակիչները բողոք-երթով այսօր շարժվեցին Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր՝ պահանջելով ազատ արձակել հուլիսի 19-ին Սարի թաղում բերման ենթարկված, ապա կալանավորված իրենց հարազատներին։

«Նախագահից խնդրում ենք, որ վերանայեն մեր 9 տղաների հոդվածները, 316 հոդվածի 2-րդ մասով է առաջադրվել մեղադրանքը, բայց, իրենք էդ մեղքը, հանցանքը չեն կատարել, տեսանյութում էլ հստակ երևում է», - ասաց ցուցարարներից մեկը։

Հիշեցնենք, հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանները փակել էին ոստիկանության ՊՊԾ գունդ տանող ճանապարհը։ Մի քանի ժամ բանակցություններից հետո ոստիկանների ու բնակիչների միջև տեղի ունեցան բախումներ: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, որ սարիթաղցի մի խումբ երիտասարդներ, նաև՝ տարեցներ, սկզբում բանավեճի, ապա՝ քաշքշուկի մեջ են մտնում ոստիկանների հետ, այնուհետև սկսում են քարերով ու տարբեր առարկաներով հարվածել նրանց: Այդ օրը ոստիկանությունը բերման է ենթարկում 10 քաղաքացիների, ապա 316 հոդվածի 2-րդ մասով [իշխանության ներկայացուցչի կյանքի, կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 5-ից 10-ը տարի ժամկետով] նրանց նկատմամբ գործ հարուցում։

Դեպքից հետո ոստիկանությունը հաղորդում է, որ չորս ոստիկան այդ բախումներում ստացած մարմնական տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են:

Ավելի քան երկու ամիս ճաղերի հետևում գտնվող սարիթաղցիների հարազատներն այսօր պնդեցին, որ իրենց թաղամասը երեք օր շարունակ հոսանքազրկված էր, չկար անգամ խմելու ջուր ու չէր աշխատում հասարակական տրանսպորտը: Նրանց խոսքով, տղաները սոցիալական խնդիր են բարձրացրել, նրանք հուլիսի 17-ից ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի հետ որևէ առնչություն չեն ունեցել։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG