Մատչելիության հղումներ

Հիջաբ հագնել կամ չգնալ. շախմատիստուհիները կարող են բոյկոտել մրցաշարը Իրանում


Իրանցի շախմատիստուհի Մոբինա Ալի-Նասաբ, արխիվ
Իրանցի շախմատիստուհի Մոբինա Ալի-Նասաբ, արխիվ

Պատժամիջոցների չեղարկումից հետո առաջին անգամ Իրանում նախատեսված միջազգային մակարդակի միջոցառումը դեռ չմեկնարկած հայտնվել է սկանդալի կիզակետում։

Փետրվարին Թեհրանում նախատեսված շախմատի աշխարհի մրցաշարի մասնակից 64 կանանցից շատերը կարող են բոյկոտել այն ու չմեկնել Թեհրան։ Իրանի իշխանությունները շախմատիստուհիներին ստիպում են խաղին ներկայանալ հնարավորինս փակ հագուստով՝ հիջաբով։

Նշենք, որ Իրանում ու Սաուդյան Արաբիայում իսլամական այդ հագուստի կրումը ամրագրված է օրենքով։ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո գլխաշորը համարվում է պարտադիր։

ԱՄՆ շախմատի չեմպիոն Նազի Պակիձեն առաջիններից էր, ով հայտարարեց, թե չի պատրաստվում շախմատ խաղալիս մահմեդական հագուստ կրել։ 21-ամյա ծագումով վրացուհի Պակիձեն պատրաստվում է բոյկոտել մրցաշարը, եթե հյուրընկալող կողմը չվերացնի այդ պարտադրանքը։ Այս մասին նա հայտարարել է մի շարք լրատվամիջոցների հետ զրույցում։

Նազի Պակիձե
Նազի Պակիձե

Պակիձեն միակը չէ, ով կարող է բոյկոտել իրանական մրցաշարը։ Կին գրոսմայստերները ստիպել են Շախմատի միջազգային ֆեդերացիային՝ ՖԻԴԵ-ին, բանակցել իրանական իշխանությունների հետ՝ պարտադրանքը վերացնելու շուրջ, սակայն, ինչպես նշում են միջազգային գործակալությունները, բանակցությունները դեռ արդյունք չեն տվել։

«Շախմատ խաղում են աթեիստները, քրիստոնյաները և ընդհանրապես տարբեր աշխարհայացք ու կրոն ունեցող մարդիկ», - հայտարարել է անգլիացի անվանի շախմատիստ Նայջըլ Շորթը: «Ինչո՞ւ պետք է բոլորը բռնի կերպով իսլամական կրոնական հագուստ կրեն», - հարց է հնչեցնում շախմատիստը։

Բացի հարցի կրոնական կողմից, շախմատիստուհիները նաև այլ փաստարկներ են բերում, օրինակ՝ որ հիջաբով խաղալը պարզապես անհարմար է։ «Հաճախ խաղի ընթացքը կարող է տևել մինչև հինգ ժամ առանց ընդմիջման։ Այդ պայմաններում ցանկացած աննշան դետալ կարող է նյարդերի վրա ազդել», - նաև նշում են մարզուհիները, ովքեր այս օրերին ստորագրահավաք են անցկացնում՝ պահանջելով Իրանի իշխանություններից վերացնել այդ օրենքը շախմատիստուհիների համար։

Մի քանի օրում ստորագրահավաքին միացել է 15 հազար հոգի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG