Մատչելիության հղումներ

Զեկույց. Հայաստանի բնակչության մոտ վեց տոկոսն այսօր թերի է սնվում


Երևանյան շուկաներից մեկը, արխիվ

Երևանյան շուկաներից մեկը, արխիվ

«Հայաստանի բնակչության մոտ վեց տոկոսն այսօր թերի է սնվում», - պնդում են Վաշինգտոնում գործող Միջազգային պարենային քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի մասնագետները` այս շաբաթ հրապարակած իրենց ամենամյա զեկույցում:

Սովի և պարենային ճգնաժամերի ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտական այս կառույցի մասնագետների տվյալներով, թերսնվածության մակարդակը Հայաստանում վերջին մեկուկես տասնամյակում նվազել է շուրջ երեք անգամ: «2000-ին նորմայից քիչ սնունդ էր սպառում Հայաստանի բնակչության ավելի քան մեկ հինգերորդը կամ 21 տոկոսը», - արձանագրում են վաշինգտոնյան հետազոտական կենտրոնի մասնագետները:

Համեմատության համար` հարևան Վրաստանում թերսնվածության մակարդակն այսօր ավելի բարձր է, քան Հայաստանում: Զեկույցի հեղինակների տվյալներով, այժմ թերի է սնվում Վրաստանի բնակիչների 7.4 տոկոսը:

Պարենային քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի մասնագետներն, ի դեպ, արձանագրում են, որ թերսնվածության մակարդակով հարավկովկասյան պետությունների շարքում առավել բարվոք վիճակում է Ադրբեջանը: Այստեղ սահմանված նորմայից քիչ սնունդ է սպառում բնակչության մոտ մեկուկես տոկոսը միայն:

Դատելով զեկույցում տեղ գտած տվյալներից` Ադրբեջանին վերջին 15 տարիներին հաջողվել է կտրուկ կերպով նվազեցնել թերսնվածությամբ տառապող իր քաղաքացիների թվաքանակը:

«2000 թվականին Ադրբեջանն այս ցուցանիշով Հարավային Կովկասի առաջատարն էր, այստեղ թերի էր սնվում բնակչության ավելի քան 22 տոկոսը», - արձանագրում են փաստաթղթի հեղինակները:

Ամերիկացի մասնագետները նաև փորձել են բացահայտել ազգաբնակչության ամենակրտսեր խմբում` մինչև հինգ տարեկանների շրջանում նկատվող ֆիզիոլոգիական միտումները, որոնք ևս ուղղակի կապ ունեն սպառվող սննդի քանակի և որակի հետ:

Վաշինգտոնում գործող հետազոտական կենտրոնի տրամադրության տակ եղած վերջին տվյալներով, Հայաստանում բնակվող մինչև հինգ տարեկան երեխաների մոտ 5 տոկոսի քաշը` հասակի համեմատ, սահմանված նորմայից պակաս է: «Նույն տարիքային խմբի ներկայացուցիչների մոտ 13 տոկոսի հասակն էլ միջինից ցածր է». - արձանագրում են հետազոտական կենտրոնի փորձագետները:

Միջազգային պարենային քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի տվյալներով, սակայն, Հարավային Կովկասի պետությունները թերսնվածության մակարդակով ցածր ռիսկայնության գոտում են:

Հետխորհրդային պետություններից այս առումով առավել մտահոգիչ է միջինասիական մի շարք պետություններում և Մոլդովայում ստեղծված կացությունը:

XS
SM
MD
LG