Մատչելիության հղումներ

Նարեկ Սարգսյանը կշարունակի ղեկավարել քաղաքաշինության ոլորտը


Քաղաքաշինության նախկին նախարար, Քաղաքաշինության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Նարեկ Սարգսյանը, արխիվ:
Քաղաքաշինության նախկին նախարար, Քաղաքաշինության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Նարեկ Սարգսյանը, արխիվ:

Շուրջ երկու տասնամյակ քաղաքաշինական բարձր պաշտոններ զբաղեցրած Նարեկ Սարգսյանը շարունակելու է ղեկավարել այս ոլորտը նաև Կարեն Կարապետյանի կառավարությունում:

Քաղաքաշինության նախարարությունից Կառավարությանն առըթներ Քաղաքաշինության պետական կոմիտե դարձած կառույցի ղեկավար, վարչապետի այսօրվա որոշմամբ, դարձել է արդեն նախկին նախարար Նարեկ Սարգսյանը:

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը կարծում է, թե որևէ տարբերություն չկա նախարության և կոմիտեի միջև, պարզապես Կարեն Կարապետյանը փորձում է անձամբ իր վերահսկողության տակ պահել ոլորտը․ - «Ոորվհետև այսօրվա օրով Հայաստանում ամենաակտիվ և միակ աշխատող ոլորտը շինարարությունը և նախագծումն է: Եվ իհարկե, տեսակարար կշռով ամբողջ Հայաստանի բյուջեի մեջ շինարարությունը շատ մեծ դեր ունի: Եվ պարզ է, թե ինչու պարոն Կարապետյանը ուզում է վերցնի իր ուղղակի ուշադրության տակ այդ ոլորտը»:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն առհասարակ չի տեսնում ո՛չ նախարարության, ո՛չ էլ կոմիտեի անհրաժեշտությունը: Ճարտարապետներին, նրա համոզմամբ, ազատատություն է պետք տալ․ - «Եվ էդ դեպքում ընդհանրապես անտրամաբանական է Ճարտարապետության պետական կոմիտե ունենալ: Պետք է թողնել, որ քաղաքները, մարդիկ տեղում որոշեն ինչպիսի քաղաք են ուզում ունենալ․․․ Մեր ոլորտում պետք է ազատ թողնել՝ միաժամանակ խստացնելով վերահսկողությունը հուշարձանների մասով, բնապահպանության մասով, սեյսմիկ անվտանգության մասով, շինարարության որակի մասով: Եվ դրա համար պետք չէ ունենալ նախարարություն․ բազմաթիվ մարմիններ կարող են իրենց վրա վերցնել այդ ֆունկցիաները»:

Թեև առաջարկվում էր, որ կոմիտեն պետք է զբաղվի ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանմամբ, այդուհանդերձ վարչապետի այօսրվա որոշման մեջ կոմիտեի անվանումը դեռ միայն քաղաքաշինական է: Սարհատ Պետրոսյանը գոնե սա դրական է համարում․ հուշարձանների պահպանությունը կմնա Մշակույթի նախարարության վրա:

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ոլորտում համակարգային փոփոխությունների մասին է բարձրաձայնում․ - «Կարծում եմ, որ մարմնի անվանումը փոխելով այդ հարցերը չեն լուծվի: Ես հիմա դժվարանում եմ ասել՝ եթե նախարարությունը դարձավ կոմիտե, ի՞նչ կփոխվի: Կուզեի, որ ավելի արմատական քայլեր լինեին»:

Նարեկ Սարգսյանի պաշտոնվարման օրոք է հողին հավասարեցվել Աֆրիկյանների շենքը, աղճատվել Փակ շուկան: Ճարտարապետները հիմնականում այն կարծիքին են, որ այստեղ պետք է քաղաքական կամք, որի դեպքում թեկուզ Մշակույթի նախարարությունը կարող է լուծել խնդիրը:

«Հուշարձանների հարցը շատ հեշտ է լուծվում․ դրանով պետք է զբաղվի Մշակույթի նախարարությունը: Կան օրենքներ, որոնք թերի են: Բայց կան և մինչև օրս չեն կատարվում: Բացարձակ պետք չէ, որ այդ խնդիրը բաժանվի մասերի, ինչ-որ տարբեր մարմիններ այդ նույն խնդրով զբաղվեն: Ոչ մի օգուտ դրանից չի լինի», - ասաց Արսեն Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG