Մատչելիության հղումներ

Քաղաքագետ․ «Ադրբեջանում հիստերիա է՝ կապված զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկայի հետ»


«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, արխիվ:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, արխիվ:

«Ազատությունը» հայաստանյան քաղաքագետների հետ զրուցել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածության աճի ու պաշտոնական Բաքվի կոշտ հայտարարությունների շուրջ:

Քաղաքագետները դա պայմանավորում են բանակցային գործընթացի փակուղայում գտնվելով, ինչպես նաև Ադրբեջանում տիրող սոցիալական ծանր վիճակով:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը շփման գծում լարվածության աճի պատճառներից է համարում նաև այն, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը, չնայած բողոքի ցույցերին, կարողացավ իրականացնել իր իշխանությունն ամրապնդող սահմանադրական փոփոխությունները․ - «Իրավիճակը արդեն կառավարելի է բավականին: Մյուս կողմից, սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք ժամանակին նաև ապրիլյան իրադարձությունների պատճառներից մեկն են եղել, դա նույնպես իր դերն է խաղում: Եվ վերջապես այն հանգամանքը, որ ընդհանրապես Ադրբեջանը մինչև իր ռազմաքաղաքական ղեկավարության մոտ գոնե հույսեր լինեն, որ ինքը կարող է օգտագործել ռազմական գործողությունների վերսկսման գործոնը՝ որպես քաղաքական լծակ և՛ ներքին, և՛ արտաքին աուդիտորիայի համար, այդ բոլորը գործոնները ստիպելու են նրան, որ Ադրբեջանը փորձելու է գնալ նմանատիպ սրացուների»:

ԼՂ Պաշտպանության բանակի փոխանցմամբ՝ երեկ հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել 27-ամյա պայմանագրային զինծառայող: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, մինչդեռ, երեկ այցելելով շփման գիծ, հայտարարել էր, թե հայկական կողմն է դիմում «սադրանքների»:

«Ադրբեջանի բանակը հաջողությամբ կանխարգելում է դրանք, սակայն այսուհետ պետք է առավել կոշտ պատասխան տա», - հայտարարել էր Հասանովը:

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, ադրբեջանական կողմի նման հայտարարությունները պայմանավորված են Հայաստանի անկախության 25-ամյակին ցուցադրված նոր զինտեխնիկայով․ - «Ադրբեջանում հիստերիա է տեղի ունենում կապված զորահանդեսին ցուցադրված զինտեխնիկայի հետ: Այն, ինչ ցուցադրվեց, ազդում է ադրբեջանական հանրության վրա: Բավական ժամանակ է անցել ապրիլից և ոգևորությունն անցնում է: Մարդիկ հարցնում են՝ լավ, մենք՝ ադրբեջանցիներս, շատ լավ կռվել ենք և երկու կարտոֆիլի դաշտ ենք գրավել, իսկ հայերը «Իսկանդերներ» են ցուցադրում, հիմա ի՞նչ: Սրան ի պատասխան պետք է ինչ-որ կոշտ արձագանք ցուցադրել, և դա էլ տեղի է ունենում»:

Իսկանդարյանը վստահ է, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ուղիղ կապ ունեն նաև նավթի գների հետ․ - «Ըստ ամենայնի, Ադրբեջանը վերջին 5 տարիներին գնել է 20 միլիարդ դոլարի զենք: Հիմա դա անել չի կարող, և դրա համար էլ պետք է փոխի մարտավարությունը: Սակայն պարզ չէ, թե ինչ անել: Երկրորդ պատճառը ապրիլյան գործողության անհաջողությունն էր․ դժվար է պատկերացնել, որ Ադրբեջանը նման մարդկային ու ֆինանսական կորուստների գնով նախատեսում էր միայն մի քանի քառասուկի կիլոմետր գրավել: Դա չէր կարող նպատակ լինել, և այս ամենը միասին բերում է նրան, որ պետք է հայտարարություններում ինչ-որ կոշտություն մտցնել»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը երեկ նաև հայտարարել է, թե իրենք ունեն ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրներին վերաբերող մարտավարական-տեխնիկական ողջ տեղեկատվությունը, և Հայաստանի կողմից դրանց ձեռք բերումը չի փոխել ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում:

Մինչ ադրբեջանական կողմը պնդում է, թե բանակցային գործընթացը փակուղի է մտել, քանի որ «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որևէ դրական քայլ չի անում կարգավորման ուղղությամբ», պաշտոնական Երևանը հայտարարում է, որ Ադրբեջանն է հրաժարվում կյանքի կոչել բանակցությունների առաջ մղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:

«Ադրբեջանը նաև փաստացի մերժում է հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման՝ համանախագահ երկրների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքները», - Հայաստանի ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ օրեր առաջ ասել էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

XS
SM
MD
LG