Մատչելիության հղումներ

logo-print

«Ազատությունը» զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

«Ազատություն»․ - Պարո՛ն Բաղդասարյան, երեկ Ձեր կուսակցությունը լքեց Վիկտոր Դալլաքյանը, ով նաև Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչն էր, ավելին՝ նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Լքելուց անմիջապես հետո նա բազմաթիվ մեղադրանքներ հնչեցրեց Սերժ Սարգսյանի հասցեին, և նաև մեզ հետ զրույցում ասաց, որ ափսոսում է, որ իշխող Հանրապետականին է անդամակցել: Ի՞նչ է տեղի ունեցել:

Բաղդասարյան․ - Ցավում եմ այդ երևույթի համար: Իհարկե, դա նոր երևույթ չէ, 90-ականների վերջին նույնպես մեկ անգամ մուտք – ելք, մուտք – ելք․․․ ես չեմ ուզում, համենայնդեպս, նման մեկնաբանություններ տալ, բայց Հանրապետականը ոչինչ չի կորցրել: Ամբողջ կյանքս ատել եմ երախտամոռ մարդկանց․․․

«Ազատություն»․ - Իսկ գիտեք երևի, որ նա հայտարարեց, որ եթե նրա հետ ինչ-որ մի բան պատահի, ապա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Ինչո՞ւ է նա, չորս տարի աշխատելով Սերժ Սարգսյանի հետ, նման սպառնալիք զգում երկրի ղեկավարից:

Բաղդասարյան․ - Ո՞ւմ է պետք նա, որ ինչ-որ բան պատահի: Պարզապես երբ մարդիկ տեսնում են, որ անտեսված են լինում, ինչ-որ բաներ են հայտարարում, որ արժևորեն իրենց գոյությունը և ներկայությունը: Ես զարմանում եմ, նույնիսկ ծիծաղելի է այդ երևույթը, և ինձ թվում է՝ հանրության համար էլ են ծիծաղելի նման հայտարարությունները:

«Ազատություն»․ - Նա նշում է, որ սա իր որոշումն էր և անգամ Սերժ Սարգսյանի հետ սա չի քննարկել: Ի՞նչ եք կարծում, սա իսկապե՞ս նրա որոշումն էր, թե՞ պարզապես նախագահականում այլևս չցանկացան Դալլաքյանի հետ աշխատել:

Բաղդասարյան․ - Կարող է նաև՝ այնտեղ չեն ուզել: Ես չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, բայց ինձ թվում է, որ արդեն նոր քաղաքական օրեր են մոտենում: Մի ժամանակ էլ մոդա էր՝ մտնում էին կոալիցիա, հետո հենց մոտենում էին ընտրությունները՝ կոալիցիայից դուրս էին գալիս, որ ընդդիմադիր կեցվածքով ժողովրդին կարողանան գրավել իրենց կողմը: Սա դրա նույն սցենարն է՝ մինիսցենար է:

«Ազատություն»․ - Ի՞նչ եք կարծում, նրան կհաջողվի՞ իսկապես ընդդիմադիր դաշտ մուտք գործել, հաշվի առնելով նրա անցած գործունեությունը, չորս տարի Բաղրամյան 26-ում աշխատելը, իշխանություններին պաշտպանելը․․․ հնարավո՞ր է մեկ օրում այսպես հայտնվել ընդդիմադիր դաշտում՝ մեղադրանքներ հնչեցնելով երկրի ղեկավարի հասցեին:

Բաղդասարյան․ - Չեմ կարծում, որ դա դրական արձագանք կգտնի: Պատիվ չի բերում նաև տվյալ անձնավորությանը: Դրանց համար մի տերմին կա՝ հին հոգնածներ: Պարզապես լավություն արած մարդկանց նկատմամբ նրանց վերաբերմունքը ունի մի բնութագիր, որը ես չեմ կարող այստեղ արտահայտել: Եվ կան որոշ մարդիկ, որոնք դա կյանքի ձեռագիր են դարձրել: Դա մեկ անգամ չէ, երկու-երեք անգամ չէ, և ինձ թվում է՝ հանրությունը չի ընդունի նման մարդկանց:

«Ազատություն»․ - Դուք ասացիք «հին հոգնածներ», սակայն երբ նրան ընդունում էիք Հանրապետական շարքերում, չգիտեի՞ք այդ մասին:

Բաղդասարյան․ - Երբ մարդկանց ճանաչում ես շերեփուկ ժամանակից, և այդ տարեգրությունը դու գիտես, թե ինչ կյանքով են ապրել, ինչ կյանքով են կայացել, ումով են կայացել, և անընդհատ, պարբերաբար կրկնվում են այդ բաները, բնականաբար այդ բառը ես պետք է օգտագործեմ:

«Ազատություն»․ - Վիկտոր Դալլաքյանը երեկ մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ Սերժ Սարգսյանն է իրեն խնդրել, որպեսզի նա անդամակցի Հանրապետականին: Հնարավո՞ր է նման բան:

Բաղդասարյան․ - Ինքը [Սերժ Սարգսյանը] կյանքում որևէ մեկին չի խնդրում, միշտ իրեն են խնդրում: Երբ փաստերը օգտագործում ես և ուսումնասիրում՝ լրիվ հակառակն է․․․

«Ազատություն»․ - Դուք բացառո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը խնդրած լիներ նրան Հանրապետականին անդամակցել:

Բաղդասարյան․ - Խնդրում եմ նման աբսուրդ հարցեր ինձ մի տվեք:

«Ազատություն»․ - Քանի որ Վիկտոր Դալլաքյանը ընդգծեց, որ նոր ուժ է ստեղծելու, այդ ուժի միջոցով էլ մտնելու է ակտիվ քաղաքականություն, պատասխանելով մեր այն հարցին, որ հնարավո՞ր է, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նաև անդամակցի, նա ոչ հերքեց, ոչ էլ բացառեց, ասելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի պատիվ կբերի նման անձնավորությանն ունենալ իր կուսակցության շարքերում: Դուք հնարավոր համարո՞ւմ եք նրանց համագործակցությունը:

Բաղդասարյան․ - Սեյրան Օհանյանը պարկեշտ մարդ է:

«Ազատություն»․ - Բացառո՞ւմ եք, որ նա համագործակցի Վիկտոր Դալլաքյանի հետ:

Բաղդասարյան․ - Ո՞ւր մնաց պարկեշտությունը այդ դեպքում:

XS
SM
MD
LG