Մատչելիության հղումներ

Գլխավոր մարզչի խոսքով, հավաքականի տղաները «երեկ տակտիկապես շատ գրագետ են խաղացել և հաղթանակը հնարավոր էր՝ եթե Օզբիլիսը երկու գոլային հնարավորություններից գոնե մեկը օգտագործեր:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ փուլում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երեկ Վարշավայում կրած պարտությունից հետո, ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի կարծիքով, դժվար թե կարողանա դուրս գալ ընտրական խմբից։ Այս պահին հավաքականը ոչ մի միավոր չունի և խմբում վերջին հորիզոնականում է։

«Տեսականորեն դեռ երկար ժամանակ շանսերը կպահպանվեն․ առջևում յոթ խաղ կա, դա նշանակում է՝ առավելագույնը քսանմեկ միավոր: Սակայն, թե որքանով դա իրատեսական է․․․ Քսանմեկ միավոր մնացած յոթ խաղում, իհարկե, փոքր-ինչ հեքիաթային կթվա», - նշեց մեկնաբանը:

Ընտրական մրցաշարի առաջին երկու հանդիպումներում Հայաստանը 0:1 և 0:5 հաշիվներով պարտվել է համապատասխանաբար Դանիայի և Ռումինիայի հավաքականներին:

Երեկվա պարտությունից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտարարել է, որ ցուցադրած խաղով իրենք պարտության արժանի չէին․ - «Ճիշտ է, հակառակորդը լավ պահեր ունեցավ, բայց ամեն դեպքում, նամանավանդ այսօր, խաղալով 10 հոգով, մենք արժանի չէինք պարտության: Բոլոր թիմերն էլ ունենում են վատ և լավ խաղեր: Այս տարվա անհաջողությունների շղթան մեզ շատ անհանգստացնում է: Գիտեք, որ հիմնական կազմի 7 ֆուտբոլիստ վնասվածքներ ունեն և տղաները իրենց մեջ ուժ գտան ծանր պարտությունից հետո հավաքվել: Մրցավարությունից կոռեկտ չէ խոսել, բայց ուզում եմ ասել ձեզ, նկատե՞լ եք, թե որ րոպեին գոլ խփեցին: Երկրորդը, որպես կանոն, եվրոպական մրցաշարերում մրցավարը սկզբից բանավոր զգուշացնում է, այնուհետև դեղին քարտ ցույց տալիս»:

Գլխավոր մարզչի խոսքով՝ հավաքականի տղաները երեկ տակտիկապես շատ գրագետ են խաղացել և հաղթանակը հնարավոր էր՝ եթե Արազ Օզբիլիսը երկու գոլային հնարավորություններից գոնե մեկը օգտագործեր․ - «Երբ մեր առաջատարները վերադառնան, մեզ հետ էլ դժվար կլինի խաղալ: Ինչ վերաբերվում է նախկինում ունեցած հաջողություններին, ապա այն ժամանակ լավ կազմ ունեինք, բոլոր տղաները պատրաստ էին: Հիմա որոշ ֆուտբոլիստներ խաղային պրակտիկա չունեն իրենց թիմերում: Ամեն դեպքում աշխատում ենք, որ հետագայում լավ հավաքական ունենանք»:

Սենիկ Կարա-Պողոսյանի կարծիքով, հավաքականի խաղի բարելավման համար ֆուտբոլի ոլորտում համակարգային փոփոխություններ պետք է կատարվեն: Նա վստահ է, որ լավ խաղի համար անհրաժեշտ է, որ թիմ վերադառնան վերջերս հավաքականից հեռացված ֆուտբոլիստները․ - «Մենք Իտալիայի, Իսպանիայի կամ գերմանացիների պես գերհզոր ֆուտբոլային տերություն չենք, որ Մովսիսյանի նման ֆուտբոլիստից հրաժարվենք: Մեզ մոտ չկա այդ ընտրությունը․ մեր հնարավորությունները սահմանափակ են, մեր ձեռքերը փոքր-ինչ շղթայված են նման հարցում»:

Համակարգային փոփոխություններ են պահանջում նաև հավաքականի երկրպագուները։ FAF ակումբի հիմնադիրներից Էդգար Պետրոսյանը ասաց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջը դեռ ուժի մեջ է․ - «Անցած տարեվերջին Ալբանիայի խաղից հետո ինչ մթնոլորտ որ ստեղծվեց՝ երկրպագուներ, ֆեդերացիա, ֆուտբոլիստներ․․․ այս եռանկյունու մեջ ինչ վատ հարաբերություններ որ ստեղծվեց, վերջապես պետք է բոլորս իրար հասկանանք, էդ խռովկան պահերը բոլորը մի կողմ թողնենք»:

Մոտ մեկ տարի առաջ Red Eagles ֆան ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ եթե ֆուտբոլի ազգային հավաքականը 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլը չհաղթահարի, ինքը հրաժարական կտա։

Հավաքականի հաջորդ հանդիպումը նոյեմբերի 11-ին է, Երևանում Հայաստանի թիմը մրցելու է Մոնտենեգրոյի հավաքականի հետ։

XS
SM
MD
LG