Մատչելիության հղումներ

logo-print

Չնայած Սաակաշվիլիի կոչին՝ նրա կուսակցությունը կմասնակցի ընտրությունների երկրորդ փուլին


«Ազգային միացյալ շարժում» կուսակցության աջակիցների ցույցը Թբիլիսիում, 5-ը հոկտեմբերի, 2016թ․

«Ազգային միացյալ շարժում» կուսակցության աջակիցների ցույցը Թբիլիսիում, 5-ը հոկտեմբերի, 2016թ․

Վրաստանի ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը երեկ երեկոյան քաղխորհրդի նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ որոշեց մտնել խորհրդարան և մասնակցել խորհրդարանական ընտրությունների մեծամասնական ընտրակարգի երկրորդ փուլին։

Ավելի վաղ, հիշեցնենք, այս կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով հիմա Օդեսայի նահանգապետն է, կուսակցությանը կոչ էր արել բոյկոտել ընտրությունների երկրորդ փուլը։

Երեկ ուշ երեկոյան քաղխորհրդի նիստից հետո կուսակցության առաջնորդներից Սերգո Կապանաձեն ասել է, թե խորհրդարան մտնելու և երկրորդ փուլին մասնակցելու որոշումը ընդունվել է ձայների բացարձակ մեծամասնությամբ։

«Քննարկումներ են ծավալվել, ինչը նորմալ և առողջ գործընթաց է։ Մենք մտքեր ենք փոխանակել, բայց որոշումն ընդունել ենք ձայների բացարձակ մեծամասնությամբ», - «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Հայտնելով, որ կուսակցությունը մասնակցելու է ընտրությունների երկրորդ փուլին, նա միաժամանակ ընդգծել է, որ ընտրական միջավայրը բավականին խնդրահարույց է, տեղի են ունեցել բռնություններ և խախտումներ։ «Բայց մենք պարտավոր ենք հարգել մեր ընտրողներին, ինչպես նաև նրանց, ովքեր մեզ չեն աջակցել։ Այսօր, ինչպես երբեք, Վրաստանին անհրաժեշտ է եվրոպական ընդդիմադիր ուժեղ կուսակցություն՝ խանգարելու համար, որ [Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, մեծահարուստ Բիձինա] Իվանիշվիլին խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենա։ Ամբողջ Վրաստանի դիմաց մեր պարտավորությունն է՝ օգտագործել բոլոր ռեսուրսները Իվանիշվիլիին խանգարելու համար», - հայտարարել է Կապանաձեն։

Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը դեռ չի որոշել՝ մասնակցե՞լ երկրորդ փուլին, թե՞՝ ոչ։

Միացյալ ազգային շարժման կողմից նա մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Զուգդիդիում։ Ռուլոֆսը լրագրողներին ասել է, թե խորհուրդներ է ստանում բոլորից, այդ թվում՝ ամուսնուց, մտադիր է նաև խորհրդակցություններ անցկացնել Զուգդիդիի ընտրողների հետ՝ անդրադառնալով զանգվածային ընտրակեղծիքներին, որ տեղի են ունեցել այնտեղ։

Ամեն դեպքում, նա նշել է, որ իր և մրցակցի ստացած ձայների տարբերությունը բավականին փոքր է, և հաղթանակի հույս ունի։

XS
SM
MD
LG