Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը


Սիրիա -- Հայաստանից մարդասիրական օգնությունը հասնում է Հալեպ, 7-ը հոկտեմբերի, 2016թ․
Սիրիա -- Հայաստանից մարդասիրական օգնությունը հասնում է Հալեպ, 7-ը հոկտեմբերի, 2016թ․

Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվեց սիրիական ճգնաժամի խորացման պայմաններում Հայաստան տեղափոխված, ինչպես նաև Հալեպից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ հիմնախնդիրները, ինչպես նաև այս ոլորտի մի շարք միջոցառումների համակարգումը կատարելագործելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի կատարումը:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նիստը նախագահել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Սիրիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ օգնություն ձեռնարկելու նպատակով: Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստան հնարավոր ժամանողների օգնությունը կազմակերպելու համար ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները հերթապահում են օդանավակայանում և դիմավորում Արևելքից ժամանած օդանավերը: Անցնող տաս օրերին եկել է միայն չորս ընտանիք: Տարբեր լրատվամիջոցներով տարածվող լուրերը, որ խուճապ կա և շատերն են ցանկություն հայտնել գալ Հայաստան, չափազանցված են: ՀՀ գլխավոր հյուպատոսը և ազգային իշխանությունները ամեն օր նշում են, որ Սիրիայից, մասնավորապես՝ Հալեպից դուրս գալու համար իրենց դիմել են մի քանի ընտանիք, որոնց էլ օգնել ենք Հայաստան հասնելու համար:

Միաժամանակ, նախարարը տեղեկացրել է, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ հումանիտար օգնությամբ բեռնված երկու օդանավերը հաջողությամբ հասել են Սիրիա: Հումանիտար բեռը ուղեկցել են պետական մի քանի ծառայողներ, այդ թվում՝ ՀՀ ՍՆ աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, ով տեղում աջակցել է սննդի բաշխման աշխատանքներին:

ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանը նշել է, որ սիրիական վերջին զարգացումներից հետո ՀԲԸՄ-ն արտահերթ ֆոնդ է ստեղծել սիրիահայերին օգնելու նպատակով: ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամը շեշտել է, որ չնայած ծանր վիճակին՝ Հալեպում խուճապ չկա:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լենա Հալաջյանը կարևորել է սիրիահայերի տեղափոխության և Հայրենիքում հաստատվելու խնդիրը չքաղաքականացնելու հարցը:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ինչպես նաև «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության, «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, «Ամքոր» Հայաստան հիմնադրամի, Հայ օգնության միության, «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Օքսֆամ Հայաստան» ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են սիրիահայերին առաջնային օգնություն ցուցաբերելու իրենց ծրագրերը, նախատեսված միջոցներն ու հնարավորությունները: Ներկաները նշել են, որ ՀՀ սփյուռքի նախարարության համակարգմամբ ճշգրտելով տրամադրվելիք օգնության առաջնահերթությունները՝ իրենք առավել թիրախավորված և անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն սիրիահայերին: Քննարկվել են առաջիկայում այն սիրիահայերին դեղորայքի, ձմեռային հագուստի, անհրաժեշտ պարագաների, ինչպես նաև սննդի օգնություն տրամադրելուն վերաբերող հարցեր, ովքեր առավել կարիքավոր են:

Նախարարը խնդրել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ պետական մարմինները և նիստին մասնակից միջազգային, համահայկական, բարեգործական, հասարակական կազմակերպությունները սեղմ ժամկետում ներկայացնեն առաջարկություններ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հետ աշխատանքները կատարելագործելու, առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև Սիրիայում մնացած մեր հայրենակիցներին աջակցելու և նոր մեխանիզմներ մշակելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG