Մատչելիության հղումներ

Հայաստանցի փորձագետը մեկնաբանում է ռուս-թուրքական մերձեցումը


Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման, մեր տարածաշրջանում դրա հնարավոր ազդեցությունների մասին «Ազատությունը» զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:

Փորձագետների համար երեկ Ստամբուլում կայացած ռուս-թուրքական բանակցությունները և դրանց շրջանակում ստորագրված փաստաթղթերը, մասնավորապես, «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ միջպետական համաձայնագիրը, սպասելի էին։

Ավելին՝ ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների վերականգման այս սրընթաց գործընթացը ենթադրում է նաև ռազմաքաղաքական համագործակցություն, օրինակ, Սիրիայի հարցում։ Եվ իսկապես, երեկ Ստամբուլում այս մասին ևս հայտարարություններ եղել են։

«Բավական ուշագրավ էր բանակցությունների ընթացքում, որ հետագայում մամուլում տեղ գտավ, նաև հայտարարություններում, որ քննարկվել է Սիրիայում, մասնավորապես, Հալեպում հումանիտար կարգավորման խնդիրը՝ հրադադար, մարդասիրական օգնություն և այլն, և այլն: Եվ զինյալների դուրս բերումը Հալեպից: Սա չափազանց կարևոր է: Փաստորեն որոշակի խորքային հակասություններին զուգահեռ թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան համագործակցության որոշակի մոտեցումներ են փորձում ձևավորել Սիրիայում», - «Ազատության» հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը այսօր հայտարարել է, որ վերջին շրջանում Ռուսաստանի նախաձեռնած հումանիտար գործողություններին Հալեպում միացել են Հայաստանն ու Բելառուսը, իսկ առաջիկայում դրան կմիանան նաև Չինաստանը, Ադրբեջանը, Սերբիան, Հնդկաստանը և Ղազախստանը։

Ակնկալվում է, որ հոկտմեբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին այս մասին ևս կլինեն հայտարարություններ: «Բայց ավելի աշխարհաքաղաքական, խորհրդանշական առումով, ռեսուրսների մոբիլիզացիա Ռուսաստանի կողմից՝ ցույց տալու, որ այլևս Միացյալ Նահանգներ - Ռուսաստան սուր դիմակայության պայմաններում Սիրիայում Ռուսաստանը էականորեն ամրապնդում է իր դիրքերը, և Հալեպի հետ կապված հիմնական խոսքը պետք է պատկանի Ռուսաստանին», - ասաց Հովսեփյանը:

Փորձագետը համոզված է, որ ռուս-թուրքական այսօրվա մերձեցումը, բավականին հավակնոտ համատեղ տնտեսական ծրագրերը թելադրված են երկու երկրների շահերից․ - «Թուրքիան հայտնվել է մի բարդ իրավիճակում Միացյալ Նահանգների հետ իր հարաբերություններում, որ այլևս ավելի է կարևորվում Ռուսաստանի՝ որպես Թուրքիայի համար կարևոր այլընտրանքային աշխարհաքաղաքական վեկտորի դերակատարությունը»:

Այսօր մեր տարածաշրջանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ երեք կարևորագույն խաղացողներից երկուսը՝ Ռուսաստանն ու Թուրքիան, ունեն ընդգծված բարեկամական և ռազմավարական հարաբերություններ Ադրբեջանի հետ: Ավելին՝ ունեն նաև հավոկնոտ միասնական նախագծեր: Արդյո՞ք սա վտանգավոր չէ Հայաստանի համար և արդյո՞ք միայն Իրանի զսպող գործոնը բավարար է:

Վերջին ամիսներին ռուսաստանյան որոշ շրջանակներում տարածվել է մի կարծիք, թե հնարավոր է տնտեսական ինտեգրման միջոցով ստիպել հայերին և ադրբեջանցիներին մի կողմ դնել թշմամանքը և առաջ գնալ: Լևոն Հովսեփյանը, մինչդեռ, իրատեսական չի համարում դա․ - «Ես դա ռեալ չեմ համարում, և արդյունավետ չեմ համարում: Որովհետև այն իրողությունները, որ կան արցախյան հիմնախնդրի համատեքստում, ուղղակի տնտեսական գործոնով պայմանավորված, տնտեսական ինտեգրացիոն գործընթացներով հասնել որոշակի հաշտեցման գործընթացի․․․ չեմ կարծում, որ դա առարկայորեն կտա իր պտուղները: Որովհետև մենք գիտենք, նաև կարող ենք օրինակներ բերել, որ տնտեսական ինտեգրացիոն գործընթացները, եթե չունեն ընդհանուր, միասնական արժեհամակարգային բաղադրիչ, ընդհանուր, միասնական գաղափարական դաշտ, առավել շատ արժեքային կողնորոշիչներ, դրանք վաղ թե ուշ քայքայվում են և սպասված արդյունքները չեն տալիս»:

Չնայած հայ-իրանական, մեղմ ասած, թույլ զարգացած տնտեսական հարաբերություններին՝ Հայաստանի իշխանությունները տարածաշրջանում ռազմավարական գործընկերների մասին խոսելիս հաճախ են հիշատակում Իրանը: Փարձագետն այս առնչությամբ ասաց․ - «Իրանը մեզ համար բավական վստահելի, բարեկամական երկիր է: Իհարկե՝ ունենալով իր շահերը, ունենալով իր սեփական պատկերացումները տարածաշրջանային կոնֆիգուրացիայի հետ կապված: Բայց այդուհանդերձ, որպես բարեկամական երկիր, որպես սերտ հարևան, Հայաստանը պետք է, անշուշտ, իր հարաբերությունները է՛լ ավելի խորացնի: Նաև տնտեսական կարևոր նախագծերի մասով իրանա-հայկական հարաբերությունները պետք է որակական մի նոր փուլ թևակոխեն»:

XS
SM
MD
LG