Մատչելիության հղումներ

logo-print

«Դեռ կա քաղաքականությունը դրական հուն վերադարձնելու հնարավորություն»

Ռուս-ամերիկյան հարաբերությունները խիստ սրվել են հատկապես այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել է Սիրիայում հրադադարի ապահովման հարցում Ռուսաստանի հետ այլևս չհամագործակցելու որոշման մասին:

Կրեմլն, իր հերթին, հայտարարել է մարտական պլուտոնիումի օգտահանման պայմանագրից դուրս գալու, Սիրիայում մշտական ռազմակայան ստեղծելու, միջուկային մարտագլխիկներ կրելու կարողությամբ «Իսկանդեր» տեսակի հրթիռներ Կալինինգրադի մարզում տեղակայելու մասին:

Երկու գերտերությունները շարունակում են վիճել Ուկրաինայի կոնֆլիկտի շուրջ, Ամերիկան բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում պատերազմի հանցագործություն կատարելու, ինչպես նաև մեկ ամսից ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին հաքերային գրոհներով միջամտելու մեջ:

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի համոզմամբ, այս ամենի հետևանքով աշխարհը հասել է մի չափազանց վտանգավոր հանգրվանի:

«Չեմ ուզում տալ կոնկրետ դեղատոմս, բայց ասում եմ, որ անհրաժեշտ է կանգ առնել, անհրաժեշտ է վերականգնել երկխոսությունը, դրա դադարեցումն ամենամեծ սխալն էր, հարկ է վերադառնալ առաջնահերթ հարցերին, դրանցից ամենակարևորն են միջուկային զենքի կրճատումը, պայքարն ահաբեկչության դեմ և բնապահպանական աղետի կանխումը, դրանց համեմատությամբ յուրաքանչյուր այլ հարց երկրորդական է դառնում», - ասել է Գորբաչովը:

Նա РИА Новости-ին այդ հարցազրույցը տվել է միջուկային սպառազինության կրճատման հարցով Իսլանդիայի մայրաքաղաքում Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների գագաթնաժողովի 30-ամյակի առիթով: Ռեյկյավիկում բանակցությունները վարել են Միխայիլ Գորբաչովը և Ռոնալդ Ռեյգանը:

«Քաղաքական գործիչների ներկայիս սերնդին կարելի է լուրջ բողոքներ ներկայացնել, սակայն նրանք դեռ ունեն համաշխարհային քաղաքականությունը դրական հուն վերադարձնելու և դեպի միջուկազերծ աշխարհ տանող ճանապարհ հարթելու հնարավորություն: Մեծ սխալ կլինի, եթե նրանք չօգտագործեն այդ հնարավորությունը»,- ասել է Գորբաչևը:

Տուսկը հորդորում է ձերբազատվել Ռուսաստանի նկատմամբ տածած պատրանքներից

Մինչդեռ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը երեկ Գերմանիայում տեղի ունեցած խորհրդաժողովում ասել են, թե պատրաստ են Ռուսաստանի նկատմամբ որդեգրել առավել կոշտ դիրքորոշում՝ միաժամանակ պահպանելով երկխոսության հնարավորությունը:

«Ինչպես գիտեք, մեն հունիսին երկարաձգել ենք պատժամիջոցները, սակայն ոչինչ չի փոխվել, ավելին, Հալեպում, Սիրիայում Ռուսաստանի գործողությունների արդյունքում իրավիճակը էլ ավելի է վատթարացել:

Ներողություն եմ հայցում այսպես ասելու համար, բայց դա պետք է ուղիղ տեքստով արվի. Սիրիայի խնդիրը լուծելու համար Ռուսաստանի օգնությանը դիմելով՝ եվրոպացի որոշ լիդերներ ցույց տվեցին, որ տածում են Արևմտյան Եվրոպային բնորոշ պատրանքները, արդյունքում մենք հիմա ունենք նոր պրոբլեմներ:

Կարծում եմ, կարիք չկա նկարագրել այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, ուստի, իմ համոզմամբ, ակնհայտ է, որ միակ միջոցը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելն է»,- հայտարարել է Տուսկը:

«Ռուսաստանը պատրաստ է դիմել ուժի»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Ռուսաստանը հետզհետե հզորացնում է զինված ուժերը և առավել ագրեսիվ քայլերի է դիմում:

«Առավել մտահոգիչն այն է, որ ռուսները պատրաստ են ուժ գործադրել հարևանների նկատմամբ: Ուկրաինա, Ղրիմ, Վրաստան՝ նրանք ունեն նաև բանակ Մոլդովայում, նրանք ավելի վճռական և հզոր են դառնում, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը պատրաստ է դիմել ուժի»,- ասել է Ստոլտենբերգը:

Երկխոսության դուռը պետք է բաց պահել

Փոքր-ինչ ավելի մեղմ տոնով է խոսել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: «Մենք չպետք է Ռուսաստանը հռչակենք վտարանդի պետություն: Մենք հավասարակշռված քաղաքականության կողմնակից ենք: Մենք ասում ենք, որ դատապարտում ենք Ռուսաստանի քայլերը, սակայն չենք փակում երկխոսության դուռը», - ասել է Շուլցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG