Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Հետո կբացատրեմ, թե ինչու փոխեցին ՊԵԿ ղեկավարին


Վարչապետ Կարեն Կարապետյանը (կ) ՊԵԿ-ի աշխատակազմին ներկայացնում է նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին (ձ): Աջից ՊԵԿ-ի նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանն է:

Վարչապետ Կարեն Կարապետյանը (կ) ՊԵԿ-ի աշխատակազմին ներկայացնում է նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին (ձ): Աջից ՊԵԿ-ի նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանն է:

Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում է «հետագայում բացատրել», թե ինչու փոխեցին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարին:

Այսօր առավոտյան ՊԵԿ-ի ղեկավարությանը կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանին ներկայացնելուց հետո «Ազատության» հարցին, թե ինչու ընտրեցին հենց Վարդան Հարությունյանին, վարչապետը պատասխանեց․ - «Որովհետև վստահում եմ»:

Արդյո՞ք վարչապետը չէր վստահում ՊԵԿ-ի նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանին, պարզ չդարձավ, որովհետև Կարեն Կարապետյանը առանձնապես ցանկություն չուներ պատասխանել հարցերին:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ՊԵԿ-ի նոր նախագահի առջև վարչապետը, ըստ էության, երկու նպատակ է դրել՝ խնդիրներ չստեղծել օրինական դաշտում աշխատող գործարարների համար և հնարավորինս կրճատել գործարարներից պահանջվող փաստաթղթերի քանակը:

Կարապետյանը նաև առաջարկել է մասամբ վերացնել հսկիչ գները․ - «Սահմանել հստակ այն երկրները, որոնց նկատմամբ մենք արժանահավատություն ունենք, և ընդունել ինվոյսի գինը, եթե իրենք ներկայացնում են արտահանման փաստաթուղթը այդ երկրի: Խոսքը գնում է այն երկրների մասին, որտեղ որ ավելացված արժեքի հարկի վերադարձ կա»:

Նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 8-ի հրամանագրով, որն ի դեպ, հրապարակվեց միայն երեկ երեկոյան, «Գազպրոմ Արմենիայի» ղեկավար Վարդան Հարությունյանը նշանակվեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ: 2010 թվականին, երբ Կարեն Կարապետյանը «Հայռուսգազարդի» ղեկավարի աթոռից տեղափոխվեց Երևանի քաղաքապետի պաշտոնին, հենց Վարդան Հարությունյանը փոխարինեց նրան ռուսաստանյան մոնոպոլիստ ընկերության ղեկավարի տեղում:

Ներկայիս վարչապետն ու ՊԵԿ-ի նորանշանակ նախագահը փաստորեն մոտ տասնհինգ տարի միասին աշխատել են ռուսական «Գազպրոմի» վերահսկողության ներքո գտնվող կազմակերպություններում՝ համատեղ աշխատանքային գործունեությունը սկսելով 2001-ից՝ «Հայռուսգազարդից»:

Վարդան Հարությունյանը այսօր հարցերի չպատասխանեց:

Միլիոնավոր դոլարների նվերներ ստացող և տիկնոջ հայտարարագրերը երբեք չներկայացրած Հովհաննես Հովսեփյանը ընդամենը յոթ ամիս մնաց ՊԵԿ-ի նախագահի պաշտոնում: Մարտի սկզբին նրան կոմիտեի աշխատակիցներին ներկայացնելու եկավ անձամբ նախագահ Սարգսյանը: Ընդ որում, Հովսեփյանի նշանակվելուց երկու օր առաջ դարձյալ նախագահի հրամանագրով ՊԵԿ-ը դուրս էր բերվել Ֆինանսների նախարարության կազմից:

«Ձեր առջև դրված երկակի խնդիրը մնում է: Մի կողմից, պետական եկամուտների հավաքագրում այնքան, որքան նախատեսված է բյուջեով: Բայց մյուս կողմից, գործարար միջավայրի բարելավում, թափանցիկության ավելացում, արդարության ապահովում», - Հովսեփյանին ներկայացնելիս ասել էր երկրի նախագահը:

Թե ինչքանով հաջողվեց Հովսեփյանին լուծել իր առջև դրված խնդիրները, թերևս հուշում են թվերը: Այս տարվա բյուջեով նախատեսված էր հունվար-օգոստոս ամիսներին հավաքել 752.6 միլիրադ դրամի հարկ ու տուրք, մինչդեռ հավաքվել է 57.4 միլիարդով կամ ավելի քան 121 միլիոն դոլարով պակաս:

Այսօր Հովսեփյանը չցանկացավ պատախանել «Ազատության» հարցերին:

Առայժմ տեղեկություն չկա, թե հետայսու ինչով է զբաղվելու Հովսեփյանը:

«Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, ՊԵԿ-ի նախագահի պաշտոնում Վարդան Հարությունյանի նշանակվելը հարկ է բացատրել նորանշանակ վարչապետի՝ հայաստանյան տնտեսությունը վերահսկելու ցանկությամբ:

«Ազատության» հետ զրույցում Գևորգյանն ասաց․ - «Նախ պիտի արձանագրենք, որ հարկային և մաքսային համակարգերը Հայաստանում ամենակոռումպացվածն են: Ընդ որում, այդ կոռուպցիոն սխեմաները էնքան ստրուկտուրիզացված են, որ դրանք քանդելը, դրանք վերացնելը, դրանց ազդեցությունը վերացնելը շատ դժվար է լինելու: Վարդան Հարությունյանը եթե ուղղակի իր առաջ նպատակ կամ խնդիր է դրել ընդամենը մեծացնել հարկային մուտքերը, մի փոքր՝ էնքան որ կատարվի պետական բյուջեն, ուրեմն որևէ արդյունքի չի հասնելու: Բյուջեի եկամուտների աճը, իմ կարծիքով, պիտի լինի իրականացված արմատական բարեփոխումների հետևանք»:

XS
SM
MD
LG