Մատչելիության հղումներ

Նոր կառավարությունը լայն լիազորություններ է ստացել համարձակ առաջ մղելու իրավական ու ինստիտուցիոնալ բարեփոխումները, երեկ Միացյալ Նահանգներում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» անվանումով միջոցառմանը:

Միջազգային ներդրողների, Համաշխարհային և Ասիական զարգացման բանկերի ղեկավարների առջև նախագահը խոսել է Հայաստանի ներդրումային միջավայրը ավելի գրավիչ դարձնելու մասին:

«Այս նպատակով Նոր կառավարությունը լայն լիազորություններ է ստացել համարձակ առաջ մղելու իրավական ու ինստիտուցիոնալ բարեփոխումները», - երեկ Միացյալ Նահանգներում հայտարարել է Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով «Հայաստան. ներդրումային համաժողով 2016» անվանումով միջոցառմանը:

Միջազգային ներդրողների, Համաշխարհային և Ասիական զարգացման բանկի ղեկավարների առջև նախագահը խոսել է Հայաստանի ներդրումային միջավայրը ավելի գրավիչ դարձնելու մասին: - «Այս նպատակով մենք վերափոխեցինք մեր էկոնոմիկայի նախարարությունը «Տնտեսական զարգացման և ներդրումների» նախարարության, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարներն իրենց հարցերը բարձրացնելու և պատասխաններ ստանալու քաղաքական հարթակ ունենան: Սիրով բոլորիդ սպասում ենք Հայաստանում», - ասել է նա:

Որպես գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու օրինակ Սերժ Սարգսյանը Նյու Յորքի ամբիոնից վկայակոչել է սահմանադրական բարեփոխումները և օրերս ընդունված ու խիստ քննադատության արժանացած նոր հարկային օրենսգիրքը․ - «Մեկ շաբաթ առաջ Հայաստանի խորհրդարանն ընդունեց նոր հարկային օրենսգիրքը, որը մի շարք արտոնություններ է տրամադրում գործարարներին և ներդրողներին։ Մենք պարզեցրել ենք հարկային մարմինների կողմից իրականացվող գործընթացները՝ այդպիսով հարկային վերահսկողության գործընթացը դարձնելով առավել գործարարամետ։ Վերջերս, մենք հանձնառություն ենք ստանձնել մեր գործարար միջավայրը դարձնելու առավել կայուն և կանխատեսելի՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմամբ և ներդրումների պաշտպանության սկզբունքներին հաստատուն հանձնառությամբ»:

Միաժամանակ, Սերժ Սարգսյանը ներդրողներին հավաստիացրել է, որ Հայաստանն արդեն իսկ առանձնանում է գերազանց ներդրումային հնարավորություններով՝ իր բիզնես մշակույթի ազատականացման ու բարենպաստ գործարար միջավայրի շնորհիվ․ - «Հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ մենք հնարավորություն ունենք առանց մաքսային տուրքերի դուրս գալու ավելի քան 180 միլիոնանոց ԵԱՏՄ սպառողական շուկա»: Մենք վերափոխեցինք մեր էկոնոմիկայի նախարարությունը «Տնտեսական զարգացման և ներդրումների» նախարարության, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարներն իրենց հարցերը բարձրացնելու և պատասխաններ ստանալու քաղաքական հարթակ ունենան: Սիրով բոլորիդ սպասում ենք Հայաստանում», - ասել է նա:

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը տարակուսանքով արձագանքեց ելույթին․ այդ ո՞ր չափանիշներով է Սերժ Սարգսյանը գերազանց որակում ներդրումային հնարավորությունները, հարցնում է նա: - «Ներդրումների համար կարևոր ցուցանիշ է կոռուպցիան, որի մասին չենք խոսում, մենաշնորհները՝ որի մասին չենք խոսում, օրենքի կիրառումը, որի մասին չենք խոսում: Մենք անընդհատ՝ 2008 թվականից հետո, չենք կարողանում ճգնաժամից դուրս գալ, և էլի՝ դրա մասին չենք խոսում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Խաչատրյանը:

Հարկային նոր օրենսգիրքը, որը Սերժ Սարգսյանը համարում է ներդրումները խթանող գործիք, ընդդիմադիր գործչի կարծիքով, ճիշտ հակառակը՝ փակում է դռները գործարարների առջև․ - «Այդ ներդրողը որ գա այստեղ, հետո մտածի, որ պետք է ինքը իր արտադրանքը իրացնի Եվրասիական տնտեսական միությունում, ի՞նչ առավելությունից է օգտվելու: Այսինքն՝ ես որևիցե նորություն կամ առաջընթաց Հարկային օրենսգրքի հետ կապված, որը կնպաստի ներդրումներին, չեմ տեսնում և կարող եմ հակառակը ասել ձեզ՝ ներդրողների համար Հայաստանն ընդհանրապես գրավիչ չէ․ փոքր երկիր է, փոքր տնտեսություն՝ ընդամենը 11 միլիարդ դոլար համախառն ներքին արդյունք, մեծ աղքատություն՝ 30 տոկոս, նեղացող շուկա»:

Վահագն Խաչատրյանը անհամոզիչ է որակում նաև Սերժ Սարգսյանի պնդումը, թե սահմանադրական փոփոխություններով գործարար միջավայրն է բարելավվել․ - «Եթե մեր երկրի ղեկավարներին թվում է, որ դրսում չգիտեն, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում, շատ սխալվում են, որովհետև բիզնես անողը իր գումարի գինը գիտի: Եթե մենք չենք ուզում խոսել, որ Հայաստանում որևէ բիզնես սկսելը կամ գործարարությամբ զբաղվելը կարիք ունի քաղաքական տանիքի, կամ՝ այսպես ասած՝ «կռիշի», մենք խաբեությամբ ենք զբաղվում: Սահմանադրական նորմը ե՞րբ է կիրառվում, այդ Սահմանադրությունում գրվա՞ծ է, որ օրենքը մի գործարարի համար մի ձևով է գործում, մեկ այլ գործարարի համար՝ մեկ ուրիշ ձևով: Չկա, բայց այդպես է իրական կյանքում»:

XS
SM
MD
LG