Մատչելիության հղումներ

Զաքիր Հասանովը հայկական կողմին սպառնում է «կոշտ պատասխանով»


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն առաջնագծում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն առաջնագծում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը պնդում է, թե հայ - ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը վատթարացել է, հայկական կողմն առավել հաճախակի է դարձրել «սադրանքները»:

«Ադրբեջանի բանակը հաջողությամբ կանխարգելում է դրանք, սակայն այսուհետ պետք է առավել կոշտ պատասխան տա», - հայտարարել է Զաքիր Հասանովը՝ այցելելով առաջնագծում ծառայող զինվորներին:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը կրկին պնդել է, թե ղարաբաղյան հարցում բանակցային գործընթացը փակուղի է մտել, քանի որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որևէ դրական քայլ չի անում կարգավորման ուղղությամբ: «Նրանք ուզում են, որ այս հարցը կրկին դուրս գա միջազգային օրակարգից՝ ժամանակ ձգելու համար, սակայն մենք չպետք է նրանց նման հնարավորություն տանք: Այս հակամարտություն պետք է շուտափույթ կարգավորվի», - ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պնդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Հասանովը անդրադարձել է նաև Հայաստանի ձեռք բերած ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրին, որն առաջին անգամ ի ցույց դրվեց Երևանում՝ Հայաստանի անկախության 25-ամյակի զորահանդեսի ժամանակ: «Մենք այդ հրթիռների վերաբերյալ մարտավարական-տեխնիկական ողջ տեղեկատվությունն ունենք և կարող ենք ասել, որ այն չի փոխել ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում: Ադրբեջանի զինված ուժերը կարող են խոցել այդ հրթիռները և ոչնչացնել հակառակորդի ռազմական ենթակառուցվածքը ցանկացած տարածության վրա»,- հայտարարել է Զաքիր Հասանովը, ով, ըստ պաշտոնական հաղորդգարության, շփման գիծ էր գնացել՝ հրետանու մարտունակությունը ստուգելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG