Մատչելիության հղումներ

Մարզական մեկնաբան․ Ֆուտբոլը երկրի տնտեսական վիճակի հայելին է


Ֆուտբոլասերների «Առաջին հայկական ճակատ»-ը (FAF) խայտառակություն է որակում Ռումինիայի հավաքականի հետ Հայաստանի ընտրանու խաղը՝ նորից բարձրաձայնելով հայկական ֆուտբոլում համակարգային փոփոխությունների և առաջին հերթին Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի անհրաժեշտության մասին:

«Ամենախայտառակ էջերից մեկն էր հայկական ֆուտբոլի: Ես բավականին երկար ժամանակ եմ հաճախում մարզադաշտ և 0:5 հաշվով պարտություն ես չեն հիշում, վերջին քսան տարիներին ուղղակի չի եղել: Եվ ինչ-որ գնահատական տալն այստեղ երևի ավելորդ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ճակատի անդամ Սերգեյ Ջանջոյանը:

Նա հիշեցրեց իրենց բողոքի ակցիաները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առջև՝ Ռուբեն Հայրապետյանի պաշտոնանկության պահանջով՝ հավելելով, որ շաբաթօրյա խաղը նորից ցույց տվեց հայկական ֆուտբոլի աղետալի վիճակը․ - «Այստեղ մարզչի ֆակտորը, կարծում եմ, շատ քիչ է․․․ Ֆեդերացիան այսօրվա դրությամբ չի գործում: Այսօր մենք պետք է թռնենք Լեհաստան, բայց չգիտենք ուր ենք գնում, ինչու ենք գնում: Քառասուն հոգով մեկնում ենք խաղին, գնում ենք տղերքին աջակցելու: Գնում ենք նվաստանանք լեհ երկրպագուների մոտ․․․ մի հատ հիմար վիճակի մեջ ենք հայտնվում»

Ֆուտբոլի ֆեդերացիայիում, սակայն, հրաժարականի տրամադրություններ կարծես չկան: Ռուբեն Հայրապետյանն առայժմ լուռ է, իսկ մարզիչ Վարուժան Սուքիասյանը խոշոր հաշվով պարտությունից րոպեներ անց հայտարարեց, թե հենց ինքն է թիմին այս վիճակից դուրս բերելու․ - «Ես թիմը չեմ թողի էս ծանր վիճակում: Բայց որ ֆեդերացիան պահանջի, ես անպայման հրաժարական կտամ․․․ Բայց ես էնքան տղամարդկություն ունեմ, որ պետք ա պահեմ թիմը, կարողանամ էս վիճակից թիմը հանել»:

Մարզիչը չի ասում, թե ինչպես է դա անելու՝ պատահածի մեղքի բաժինն ուղղելով լրագրողներին․ - «Հիմա դրա հարց տալու ժամանակն ա՞․․․ Երևի էդ վատ մթնոլորտը, որ տիրում ա ձեր մեջ, այ դրանից ա, որ ամբողջ թիմը վնասվածքների մեջ ա»:

«Կարելի է ասել, որ վնասվածքներ կային, կարելի է ասել՝ լրագրողներն էին մեղավոր, երկրպագուներն էին մեղավոր, երկրպագուները խոչընդոտեցին, որ հավաքականը լավ չխաղաց», - ասաց Սերգեյ Ջանջոյանը՝ շարունակելով․ - «Փորձեցինք, ճիշտ ասած, աջակցել: 1:0-ի ժամանակ, 2:0-ի ժամանակ, 3:0-ի ժամանակ, 4-ի ժամանակ էինք վանկարկումներ անում: Հետո հասկացան, որ չէ․․․ տղաներն ուղղակի դաշտում տանջվում են, տառապում են, հաշվում են րոպեները, երբ պետք է էդ տանջանքը վերջանար: Նույնն էլ երկրպագուները»:

Լեհաստանի հետ Հայաստանի ընտրանին ուժերը չափելու է վաղը: Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանն այժմ խմբի վերջին տեղում է՝ զրո միավորով, և զիջում է բոլոր մրցակիցներին:

Մարզական մեկնաբան Արմեն Նիկողոսյանը գիտի, թե ինչու կարճատև վերելքից հետո հավաքականը նորից այս վիճակում հայտնվեց․ - «Ընդհանրապես ֆուտբոլը երկրի տնտեսական վիճակի հայելին է: Եվ մենք այսօր շատ ակնհայտ տեսնում ենք այդ հարաբերակցությունը․․․ Ուղղակի տարիներ առաջ մեր ֆուտբոլը մի խումբ մարդկանց, ամբողջ ֆուտբոլասեր հասարակության շնորհիվ կարողացավ մի փոքր երկրից, տնտեսությունից առաջ գնալ: Հետո նորից էկավ իրա տեղը՝ էն տեղը, որտեղ մեր երկիրն է»:

Վաղվա խաղից առաջ ևս բուքմեյքերները Հայաստանի հավաքականի հարցում լավատես չեն:

XS
SM
MD
LG