Մատչելիության հղումներ

Մոսկվան ցանկանում է ռազմաբազա վարձակալել Եգիպտոսում. «Իզվեստիա»


Արխիվ -- Եգիպտոսի նախագահ, գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը Կահիրեում, 14-ը նոյեմբերի, 2013թ․

Արխիվ -- Եգիպտոսի նախագահ, գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հանդիպումը Կահիրեում, 14-ը նոյեմբերի, 2013թ․

Ռուսաստանը բանակցում է Եգիպտոսի հետ ռազմական օբյեկտների վարձակալության մասին, այդ թվում՝ եգիպտական Սիդի Բարանի քաղաքում գտնվող նախկին խորհրդային ռազմաօդային բազայի վերաբերյալ:

Ռազմակայանի վերագործարկումը կնշանավորի երկու երկրների համագործակցության նոր մակարդակը, ինչպես նաև կնպաստի որոշ աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում, գրում է ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով իր ռազմական և դիվանագիտական աղբյուրները: Պարբերականի փոխանցմամբ՝ Կահիրեն պատրաստ է ռազմակայանը վաձակալությամբ Մոսկվային հանձնել: Կրեմլին մոտ կանգնած թերթի տվյալներով, եթե կողմերը պայմանավորվեն՝ ռազմակայանի վերականգնման աշխատանքները կարող են ավարտին հասցվել մինչև 2019 թվականը, ռազմակայանում մշտական ռուսաստանյան զորակազմ կտեղակայվի, սակայն սկզբնական շրջանում՝ զինծառայողների սահմանափակ թվաքանակով:

Թերթի հետ զրուցած ռազմական աղբյուրները ընդգծել են, որ Ռուսաստանին ռազմակայանը պետք է հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում լուրջ ապակայունացման դեպքում աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար:

Ռուսաստանը վերականգնում է Եգիպտոսում իր ռազմական ներկայությունը շուրջ քառասունհինգ տարվա դադարից հետո. Եթե Մոսկվայի և Կահիրեի միջև բանակցությունները հաջողությամբ պսակվեն, Ռուսաստանը նախկին ԽՍՀՄ տարածքից դուրս գտնվող երկրորդ ռազմաօդային բազան կունենա: Առաջինը, հիշեցնենք, սիրիական Հմեյմիմում է, որը Ասադի ռեժիմը անհատույց օգտագործման հանձնեց անցյալ տարվա օգոստոսին, և արդեն սեպտեմբերից, Կրեմլը տեղակայելով իր ռազմաօդային ուժերը, ներգրավվեց սիրիական պատերազմում: Այսօր, ի դեպ, Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Պանկովը, ելույթ ունենալով խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնության խորհրդում, հայտարարել է, որ Ռուսաստանը պլանավորում է Սիրիայի Տարտուս նավահանգստում մշտական հիմունքներով ռազմածովային բազա տեղակայել: Տարտուսը մեծությամբ երկրորդ նավահանգիստն է Սիրիայում՝ Լաթաքիայից հետո:

«Համապատասխան փաստաթղթերն այժմ պատրաստ են, դրանք միջգերատեսչական համաձայնեցման փուլում են», - ասել է Պանկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG