Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը հույս ունի նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանալ


Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, 8-ը հոկտեմբերի, 2016թ․

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում, 8-ը հոկտեմբերի, 2016թ․

Վրաստանում հոկտեմբերի 8-ին անցկացված ընտրությունների արդյունքներով, խորհրդարան են անցել իշխող «Վրացական երազանք»-ը՝ ձայների 49 տոկոսով, և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Ազգային միացյալ շարժումը՝ 27 տոկոսով: 5 տոկոսի շեմը հնարավոր է հաղթահարի նաև աջակողմյան, ազգայնական «Հայրենասերների դաշինք»-ը․ դա կպարզվի վերջին տեղամասերի քվեների հաշվարկի և մոտավորապես 200 դիմում-բողոքները ուսումնասիրելու արդյունքում:

Սրանք հիմնականում համամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքներն են: Մեծամասնական ընտրակարգով հինգ տասնյակից ավելի ընտրատեղամասում երկրորդ փուլ է անցկացվելու: Նշենք, սակայն, որ մեծամասնականի երկրորդ փուլի արդյունքները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ կուսակցությունների խորհրդարան անցնելու հետ՝ կարող է միայն ավելանալ նրանց մանդատների քանակը:

Ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունները անցկացվել են խախտումներով և կեղծիքներով:

Ազգային միացյալ շարժման քարտուղար Գիգա Բոկերիան այսօր հայտարարել է, թե ընտրությունները «Բիձինա Իվանիշվիլիի իշխանության պահպանումն էր լկտի սպառնալիքների և կամքը կոտրելու միջոցով»: Մամուլի ասուլիսում կուսակցության մեկ այլ առաջնորդ՝ Սերգո Ռատիանին ասել է, թե «լկտիության վերջին կաթիլն էր, երբ Իվանիշվիլին նկարեց արդյունքները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անունից հայտարարեց բնակչությանը»: «Այդ արդյունքները չեն կարող լեգետիմ համարվել», - ասել է նա:

Ընդդիմության առաջնորդները խոստացել են իրենց առաջիկա քայլերի մասին հայտնել խորհրդակցություններից հետո:

«Վրացական երազանք»-ը հայտարարում է, որ ընտրությունները անցել են արդար և թափանցիկ: Երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, երեկ «Վրացական երազանք»-ի գրասենյակում ճեպազրույցում ընտրությունները որակելով կայացած, նշել է, որ ԵԱՀԿ-ի գնահատմամբ՝ դրանք անցել են թափանցիկ, արդար և մրցակցային ու ժողովրդավարական պայմաններում:

Նշենք, սակայն, որ ԵԱՀԿ-ի դիտորդները արձանագրել էին նաև բացասական երևույթներ, երեկ հրապարակած նախնական զեկույցում նրանք ընտրատեղամասերի 31 տոկոսում ձայների հաշվարկը գնահատել էին վատ կամ շատ վատ: Չորս տեղամասում տեղի են ունեցել բռնություններ:

Միջազգային մյուս կառույցները իրենց գնահատականներում հենվում են ԵԱՀԿ-ի դիտորդների նախնական զեկույցի վրա և Վրաստանի իշխանություններին կոչ անում ապահովել երկրորդ փուլի քվեարկությունը առանց բռնությունների:

«Վրացական երազանք»-ը հույս ունի, որ մեծամասնականի երկրորդ փուլով կավելացնի իր մանդատները: Կուսակցության առաջնորդներից Գիորգի Վոլսկին այսօր ասել է, թե հույս ունեն խորհրդարանում «սահմանադրական մեծամասնություն» ունենալ, կամ ընդհանուր 150 տեղից 113 մանդատը: Ընտրությունների արդյունքները դեռ չամփոփված՝ նա արդեն խոսել է երկրի նախագահի ընտրության կարգը փոխելու տարբերակի մասին, ասելով, թե չի բացառում, որ փոփոխություն անեն, և երկրի նախագահը ընտրվի ոչ թե ժողովրդի ուղղակի քվեարկությամբ, այլ՝ խորհրդարանի կողմից:

Փորձագետները բացասաբար են վերաբերվում խորհրդարանում որևէ քաղաքական ուժի՝ բացարձակ մեծամասնություն ձևավորելու հնարավորությանը: Իրավաբան Լևան Ալապիշվիլին այսօր լրագրողներին ասել է, որ խորհրդարանում կուսակցություններից որևէ մեկի սահմանադրական մեծամասնությունը վտանգավոր է պետության և ժողովրդավարության համար, քանի որ հնարավոր է կյանքի կոչվեն ոչ ճիշտ որոշումներ:

Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից 77-ը ընտրվում են համամասնական ընտրակարգով՝ կուսակցական ցուցակներով, իսկ 73-ը՝ մեծամասնական ընտրակարգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG