Մատչելիության հղումներ

logo-print

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է, որ ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ն, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, կաշառք տվողի ներկայացրած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, մեկ այլ անձից նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կ.-ի միջնորդությամբ ստացել է կաշառք, ինչպես նաև օժանդակել է դատապարտյալի կողմից՝ առանց իրացնելու նպատակի, խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին:

«Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ղ. Ա.-ն, թմրամիջոց սպառող դատապարտյալ Գ. Ս.-ի շահերից հանդես եկող նույն հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ա. Կ.-ի միջնորդությամբ, վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսն ու թմրամիջոցները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին փոխանցելու և դրանով իսկ Գ. Ս.-ի կողմից առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար սեպտեմբերի 23-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Ա. Կ.-ի ընկերոջ միջոցով ստացել է Գ. Ս.-ի շահերից գործող իրեն փոխանցված կաշառքը, մեկ հատ «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, ինչպես նաև չորս հատ բջջային հեռախոսի մարտկոցի լիցքավորիչ սարքեր, որոնցից 3-ի մեջ թաքցված են եղել խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի և զգալի չափերով «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցներ», - ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՀՔԾ-ի, հաջորդ օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ն փորձել է նշված արգելված իրերը մտցնել հիշյալ քրեակատարողական հիմնարկ և փոխանցել դատապարտյալ Ա. Կ.-ին, ինչը կանխվել է նույն հիմնարկի օպերատիվ աշխատակիցների կողմից:

«Առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին օժանդակելու և կաշառք տվողի օգտին ապօրինի գործողություն կատարելու նպատակով կաշառք ստանալու համարարդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ղ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը», - ասված է հաղորդագրությունում:

Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն օժանդակելու համար հիշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Կ.-ին ևս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG